Արտյոմ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլ օգտագործած վիճակում 2024 թվականի հունիսի 11-ին Գեղարքունիքի առանձնատանը իր հետ համատեղ բնակվող հոր, մոր, եղբոր հասցեների սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։
Բացի այդ, տղամարդը գտնվելով ոչ սթափ վիճակում, հիշյալ տան մուտքի դռան դիմային հատվածում գտնվող բետոնե հարթակին եղբոր նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դիտավորությամբ, պտուտակահանով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սպանության սպառնալիքներ է հասցրել Աբրահամ Մ․-ն։
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակին։
Գործը դատարան է ստացվել հուլիսի 26-ին և մակագրվել դատավոր Արամ Մարտիրոսյանին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Այնուհետև դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինվել է բացակայելու արգելքով:
Ըստ գործի նյութերի՝ տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր ընտանիքի անդամների՝ հոր՝ Կառլեն Մ․-ի, մոր՝ Հասմիկ Մ․-ի, և եղբոր՝ Աբրահամ Մ․-ի հասցեին՝ փորձելով ընդգծել իր անձի առավելությունը: Նա հայտարարել է, որ «ինքն լավ տղա է»:
Այնուհետև, տան մուտքի դռան մոտ գտնվող բետոնե հարթակում, Արտյոմ Մարգարյանը ֆիզիկական բռնություն է գործադրել իր եղբոր նկատմամբ՝ հարվածելով նրան մարմնի տարբեր հատվածներին. պտուտակահանով՝ մեկ անգամ, իսկ ձեռքերով և ոտքերով՝ 3-4 անգամ: Արդյունքում, Աբրահամ Մարգարյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Հարվածների ընթացքում Արտյոմը ձեռքի պտուտակահանով սպառնացել է սպանել եղբորը՝ ստեղծելով նրա համար իրական վտանգի զգացում:
Բռնության պահին ծնողները միջամտել են և Արտյոմին տարել խոհանոց, որտեղ նա շարունակել է ֆիզիկական բռնություն գործադրել հոր նկատմամբ: Նա հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը՝ պատճառելով վնասվածքներ: Հոր նկատմամբ բռնության ընթացքում կրկին սպառնացել է սպանել՝ հայտարարելով, որ կսպանի նրան և գլխատելու սպառնալիքներ է հնչեցրել:
Հարվածներ է հասցրել մոր գլխի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով նրա մոտ առաջացել է արյունահոսություն: Վիճաբանության ընթացքում նա կրկին սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր հասցեին՝ հայտարարելով, որ կսպանի։
Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել մի շարք հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար և սահմանել պատիժներ, որոնք ներառում են կարճաժամկետ ազատազրկում և հանրային աշխատանքներ: Մասնավորապես, դատարանը կիրառել է պատիժների լրիվ գումարում՝ սահմանելով 1 ամիս 22 օր կարճաժամկետ ազատազրկում և 270 ժամ հանրային աշխատանքների կատարում:
Միևնույն ժամանակ, Արտյոմ Մ․- նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճռով նաև որոշվել է գործով իրեղեն ապացույցների և առարկաների հետագա կարգավորումը, ինչպես նաև նշվել է դատավճիռը բողոքարկելու հնարավորությունը ՀՀ վերաքննիչ դատարանում՝ մեկամսյա ժամկետում:
Դատավճիռը հրապարակվել է օգոստոսի 6-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: