Սիրանուշ Սահակյանը` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Սիրանուշ Սահակյանն այսօր ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը:

Տեղեկացնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 9-ին Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն են` բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանց վերլուծությունը և հրապարակումը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից։ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և նախագահի մեկ տեղակալ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացին։

Իրավաբան.net-ն արդեն հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ է նշանակել 2013 թվականի դեկտեմբերի 30-ին` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի առաջարկով:

 

Լուսանկարը` panorama.am

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել