Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական 2 հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նաև անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել