Հա՞րկ, թե՞ տուրք. որպես ի՞նչ պետք է վճարվեր ավտոկայանատեղի վճարը

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի համար օրենքով սահմանված է տեղական տուրք:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածը` որպես համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր, նշում է տեղական հարկերը` որպես տեսակներ նշելով չորս հարկատեսակ.
· հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
· գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
· հյուրանոցային հարկը,
· տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը:

Թեև տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը որպես տեղական հարկի տեսակ չի հիշատակվում ‹‹Հարկերի մասին›› օրենքում, սակայն այդ օրենքն ամրագրում է, որ այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ: Տվյալ պարագայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է այդ հարկատեսակը՝ տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը:

Այս հարկատեսակը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով նախատեսվել է 2010 թվականի ապրիլի 27-ին ընդունված՝ օրենքի փոփոխությամբ, երբ դեռ չէր ընդունվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը (այն ընդունվել է 23.06.2011թ.):

Իսկ ի՞նչ է հարկը. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են:

Ի տարբերություն դրա՝ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Այստեղ հարց է ծագում, թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված ո՞ր լիազորության դիմաց է վճարվում ավտոկայանատեղի տուրքը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը սահմանում է, որ ի թիվս այլ տեղական տուրքերի, Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող է սահմանվել համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար տեղական տուրք: Սույն ենթակետով սահմանված տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով:
Տեղական տուրքի այս տեսակը օրենքում նախատեսվել է 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված օրենքի փոփոխությամբ, այն նույն օրը, երբ ընդունվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը:

Արդյո՞ք կայանատեղի վճարը և՛ որպես տեղական հարկ, և՛ որպես տեղական տուրք նախատեսելը տեխնիկական վրիպակ է, թե օրենսդրական հակասություն՝ հետագա զարգացման հնարավորություններով. ցույց կտա ժամանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել