Չհամակերպվելով բաժանման փաստի հետ, երիտասարդը սպանել է ընկերուհուն

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արամ Միքայելյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Ալիսա Խուդավերդյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Ալիսա Խուդավերդյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Ալիսա Խուդավերդյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Արամ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշերով, ըստ որոնց`

Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով (104-րդ հոդվածի 1-ին մաս):

Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել և որը՝ 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
2) խոշոր չափերի վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով (185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել