Ի՞նչ է անում AMCA-ն` նպաստելու ՎԱԼ իրազեկվածության և վստահության բարձրացմանը ՀՀ-ում:
AMCA-ն մշտապես կարևորում է համայնքի վերապատրաստումների և իրազեկումների շարունակականությունը: AMCA-ի պաշտոնական կայքէջն ունի կրթական բաժին, որտեղ պարբերաբար տեղադրվում են հայտարարություններ՝ իրազեկումների և վերապատրաստումների վերաբերյալ: AMCA-ն կազմակերպում է դասընթացներ՝ որոնց ընթացքում դասավանդում են թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս գործունեություն իրականացնող առաջատար մասնագետներ : Վերապատրաստումները իրականացվում են իրավաբանների, փաստաբանների, բիզնեսների ներկայացուցիչների, ուսանողների և հաշտարարների համար: Այս վերապատրաստումները հարթակ են ստեղծում ոլորտի մասնագետների համար տարբեր խնդիրներ քննարկելու և փորձով կիսվելու։
Կենտրոնը նաև կազմակերպում է տարբեր թեմատիկ քննարկումներ, ինչպիսիք են, օրինակ՝ կանայք բիզնեսում, սպորտային իրավունք և արբիտրաժ, միջին բիզնեսի հանդիպումները։ Հետաքրքիր ձևաչափ է նաևսուրճ AMCA-ում նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս առավել անմիջական միջավայրում ծավալել քննարկում ոլորտային խնդիրները վերհանելու նպատակով։
Քննարկումների արդյունքում բարձրանում է հասարակության և մասնագիտական շրջանակների իրազեկվածությունը ՎԱԼ եղանակների և Կենտրոնի մասին, մասնակիցներին ներկայացնում ենք AMCA կանոնները, ՎԱԼ եղանակների առավելությունները ու ընթացակարգի առանձնահատկությունները։
AMCA-ն մեծ ջանքեր է ներդնում հասարակությանը իրազեկելու և կրթելու համար, քանի որ սա է ոլորտում փոփոխության միակ ճանապարհը։
Ի՞նչ է արբիտրաժային վերապահումը և ինչպե՞ս այն ներառել պայմանագրում:
Կարևոր է նշել, որ բիզնեսը սիրում է պլանավորում՝ հենց ամենասկզբից: Մեզնից յուրաքանչյուրը պայմանագիր կնքելիս չի մտածում, որ կարող է խնդիր ունենալ, սակայն միշտ պետք է կանխարգելել, և նախապես մտածել հնարավոր խնդիրների մասին: Արբիտրաժը այն գործիքն է, որ օգնում է տարաձայնությունը չդարձնել վեճ: Սրա համար պետք է պայմանագրում ներառել AMCA արբիտրաժային վերապահումը։ Ուղղակի պետք է մուտք գործել www.amca.am կայք, արբիտրաժ բաժնից ընտրել արբիտրաժային վերապահումը և վերապահման տեքստը ներառել պայմանագրում:
Որոնք են արբիտրաժի ու հաշտարարության տարբերությունները։Արբիտրաժը միանգամայն կոնֆիդենցիալ է, սակայն պետք է լինի տեսանելի ու թափանցիկ իր գործընթացներում։ Արբիտրները մեզ մոտ ընտրվում են պրոֆեսիոնալության և կոմպետենտության սկզբունքներով։ Վստահելի, արագ, հուսալի, արդար և պրոֆեսիոնալ լինելը մեր գործունեության առանցքային չափանիշներն են։ Հաշտարարությունը փոքր-ինչ տարբերվում է իր էությամբ, և երկու կողմն էլ պետք է հաղթողի կարգավիճակով դուրս գան։ Հաշտարարությունը նաև վեճի կանխարգելման փուլն է, քանզի վեճերի լուծման մեր փորձը ցույց է տալիս, որ վեճեր երբեմն առաջանում են խնդրի մասին միմյանց հետ չխոսելու արդյունքում։ Այլ կերպ ասած արբիտրաժի դեպքում երրորդ անձը՝ արբիտրը վեճը լուծում է որոշում կայացնելով, իսկ հաշտարարության պարագայում՝ երրորդ անձը՝ հաշտարարը օգնում է որպեսզի կողմերը իրենք գտնեն իրենց համար փոխադարձ ընդունելի լուծում։ ։
Որոնք են արբիտրաժի առավելությունները և ինչու է բիզնեսը նախընտրում արբիտրաժ:
Արբիտրաժի առավելությունները բազում են, սակայն կարելի է առանձնացնել հիմնական ու առանցքային կետերը:
- վեճերի լուծումը նեղ մասնագիտացում ունեցող արբիտրների կողմից,
- վեճերի լուծման արագություն ու ժամկետների կանխատեսելիություն,
- արբիտրաժի աշխատանքներին աջակցող բարձրակարգ ու մրցունակ թիմ,
- գործերի էլեկտրոնային կառավարման համակարգ,
- 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող վեճերով կատարողական վարույթները ինքնուրույն՝ առանց դատարան դիմելու, համակարգելու հնարավորություն,
- ձևական ընթացակարգերի հնարավորինս կրճատում,
- արբիտրներին ընտրելու հնարավորություն,
- կիրառելի իրավունքի ընտրության ազատություն,
- օտարալեզու փաստաթղթերի թույլատրելիություն ու դատավարության լեզվի ընտրության հնարավորություն,
- վարույթի գաղտնիություն,
- դատավարության բազմաստիճան համակարգի բացակայություն, ինչի արդյունքում արբիտրաժային տրիբունալի որոշումը վերջնական է ու ենթակա չէ բողոքարկման,
- արբիտրաժային վճիռների միջազգային ճանաչման ու կատարման հնարավորություն,
- գործերի ենթակայությանը վերաբերող վեճերից խուսափում,
- վեճերի լուծման համար ծախսվող ժամանակի ու ֆինանսական միջոցների օպտիմալացում և հաշվարկի կանխատեսելիություն,
- վեճերի լուծման գործընթացում անհրաժեշտ գիտելիքից, փորձառությունից ու կրթությունից կախված՝ նեղ մասնագետների ներգրավման հնարավորություն,
ըստ վեճի բարդության ու այլ առանձնահատկությունների՝ տարբերակված վարձատրության նախատեսում։Ահա այս առավելություններով էլ պայմանավորված բիզնեսի համար նախապատվելի է ընտրել արբիտրաժը, սակայն մեկ այլ հարց է, թե որքան հաճախ են վերջիններս ներառում արբիտրաժային վերապահումներն իրենց պայմանագրերում և թե որքանով հաշվարկված և պլանավորված է այն կատարվում։ Երբեմն բիզնես ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ իրենց պայմանագրերում ներառում են միջազգային արբիտրաժային կենտրոնների, քանի որ ունեն միջազգային համագործակցություններ, իսկ հայկական կողմը չի առաջարկում այլընտրանք և ստորագրում է պայմանագիրը, սակայն հաշվի չի առնում, որ խնդիրն առաջանալուց հետո շատ գումար և ռեսուրս պետք է ծախսի այնտեղ հասնելու և խնդիրը լուծելու համար: AMCA-ն միջազգային կենտրոն է, մենք ունենք բազմաթիվ համաշխարհային արբիտրներ, ուստի վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար մենք առաջարկում ենք պայմանագրերում ներառել AMCA արբիտրաժային վերապահում:
Ո՞վքեր են AMCA-ի արբիտրները և ո՞վքեր կարող են ներառվել այդ ցանկում:
AMCA արբիտրների խորհրդատվական ցանկում ներառված արբիտրները վստահություն վայելող, ոլորտում հաջողություն գրանցած մարդիկ են: Ըստ մեր կանոնների մենք կարող ենք ընտրել արբիտր ցանկացած անձի, անկախ այն հանգամանքից թե նա ներառված է մեր ցանկում թե՝ ոչ, և ամեն դեպքում կողմերը ևս կարող են պայմանավորվել արբիտրի ընտրության հարցում: Չկա որևէ չափորոշիչ, որը կարող է խոչընդոտ առաջացնել արբիտրի ընտրություն անելիս, բացառությամբ շահերի բախման և AMCA կանոններով նախատեսված դեպքերի: Այն դեպքում, երբ կողմերը չեն առաջադրում արբիտրի իրենց թեկնածուին, AMCA-ն իր ցանկից կարող է առաջարկել արբիտրի թեկնածու՝ հաշվի առնելով վեճի բնույթն ու բարդությունը։ Ենթադրենք, որ գործ ունենք սպորտային ոլորտի վեճի հետ, այս դեպքում AMCA-ն առաջարկում է սպորտային ոլորտում մասնագիտացված, միջազգային որակավորումներ ունեցող, վստահություն վայելող արբիտրների: Ըստ այդ ցանկի կողմերը կարող ընտրել արբիտրին կամ առաջարկել իրենց տարբերակը:
Մեր ցանկում ներառվելու համար պետք է, ըստ մեր կանոնների, ունենալ, նվազագույնը, տասը տարվա ոլորտային փորձառություն, բավական հեղինակություն և համապատասխան ոլորտային կրթություն:
Ինչով կողմնորոշվի անձը, երբ ընտրություն է կատարում արբիտրաժի կամ հաշտարարության միջև:
Քաջ գիտակցելով, իրազեկումների կարևորությունը, AMCA-ն տրամադրում է անվճար խորհրդատվություն: Բնականաբար, այդ խորհրդատվությունը տրամադրվում է վեճի լուծման եղանակների ընտրության մասին և չի կարող ներառել գործի մանրամասները, ինչպես օրինակ՝ արդյոք այս կամ այն փաստաթուղթը ներկայացնելով հնարավոր է հաղթել գործը: AMCA-ի պրոֆեսիոնալ իրավաբական թիմը, ցանակացած քաղաքացու՝ հեռավար կամ առկա տարբերակով, տրամադրում է խորհրդատվություն՝՝ արբիտրաժային համաձայնության, պայմանագրերում արբիտրաժային վերապահում ներառելու մասին, հաշտարարության էության և գործիքակազմի վերաբերյալ, տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշներ։AMCA-ն մեկ տարվա ընթացքում 130 փաստաթուղթ է մշակել, որը օգտակար է թե՛ իրավաբանների, թե՛ արբիտրների, թե՛ հաշտարարների և բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են այս գործընթացներին: Դրանք բոլորը հասանելի են մեր պաշտոնական կայքէջում և մեր էլեկտրոնային հարթակում:
Ինչպե՞ս է կազմակերպվում փաստաթղթերի ընդունումը AMCA-ում և ի՞նչ եղանակներ կան:
Արբիտրաժը մասնավոր դատարան է, որի համար վճարում եք դուք, և որը պետք է լինի հարմարավետ՝ առաջին հերթին դիմողի համար: Ուստի դիմելու տարբերակը ընտրում է քաղաքացին: Տարբերակները բազում են, օրինակ՝ թղթային տարբերակով դիմումը AMCA ներկայացնելն է կամ էլեկտրոնային եղանակով՝ www.amca.am կայքով գործի մուտքագրումն է, ինչպես նաև էլ. հասցեի միջոցով՝ [email protected] փոստին անհրաժեշտ փաստաթղթեր ուղարկելով: Այժմ արդեն հնարավոր է մուտքագրել գործը AMCA-ի ստեղծած էլեկտրոնային հարթակի միջոցով՝ www.e-amca.am, որը հատուկ ստեղծված համակարգ է և հնարավորություն է ընձեռնում մուտքագրել փաստաթղթերը, նիստերին հեռավար մասնակցել, կառավարել գործը: Բոլոր տարբերակները առկա են և ընդունելի, իսկ բոլոր ձևաթղթերը հասանելի են մեր կայքի համապատասխան բաժիններում:
Ինչպե՞ս է զարգանում արբիտրաժն ու հաշտարարությունը ՀՀ-ում՝ միջազգային պրակտիկայի համեմատությամբ
Կարևոր է դիտարկել այն հետագիծը, որ թողնում են միջազգային կազմակերպությունները, և թե ինչ ժամանակահատվածում է այն զարգանում։Եթե դիտարկենք Լոնդոնի օրինակը (City of London Chamber of Arbitration · London Court of Arbitration), պետք է նշել, որ այն ստեղծվել է 1892 2թվականի: Իսկ Հայաստանում արբիտրաժային ինստիտուտի զարգացումն ունի մեկ տասնամյակի զարգացում։ Կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ-ում չի զարգացել արբիտրաժային մտածողություն, այլ խնդիրների էպիզոդալ լուծումներ են առաջարկվել: Արբիտրաժը՝ որպես ինստիտուտ զարգացնելու նպատակ ինքնին չի եղել։, Սակայն կարևոր է, որ հասարակությունը հասկանա վերջինիս անհրաժեշտությունն ու կարևորությունը, և քանի դեռ առաջարկ-պահանջարկ չեն հանդիպում իրար, ոչ մի կառույց կայանալ չի կարող: Մեզ ժամանակ է պետք, որպեսզի բիզնեսը հասկանա՝ ինչ է իրականում արբիտաժը, քաղաքացու մոտ ձևավորվի վստահություն հենց ինստիտուտի նկատմամբ: Ուստի՝ մենք, դեռևս, իրազեկման փուլում ենք, և քանի դեռ իրավական մշակույթի այդ փոփոխությունը չի եղել, դժվար է խոսել հենց ինստիտուտի կայացման մասին: Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ դատարանում քննվում են միայն վարչական և քրեական գործեր, այն բոլոր գործերը, որ կարող են լուծվել հաշտարարության կամ արբիտրաժի միջոցով, գնում են այս ճանապարհով, բայց սրա ուղղությամբ, տարիներ շարունակ, մեծ աշխատանք է տարվել այն երկրներում, որտեղ արբիտրաժը արդեն իսկ կայացած է: AMCA գործունեությունը ուղղված է սրան, քանի որ մենք՝ ինքներս սկսել ենք մեր աշխատանքը բազում իրազեկումներից, իսկ ստեղծման մեկ տարվա ընթացքում ունենալով երկու միջազգային արբիտրաժային և մեկ հաշտարարության գործ, կարող ենք խոսել այն մասին, որ զարգացումը ճիշտ ուղղությամբ է գնում, և իրապես մեծ ջանք ներդնելով կարելի է հաջողել:
Ինչ նպատակ ունեն AMCA-ի կնքած համագործակցության հուշագրերը և միջազգային կոնֆերանսների մասնակցությունները:
AMCA-ն կարևորում է միջազգային ծրագրերին և կոնֆերանսներին մասնակցությունը, քանի որ վերջինս նպաստում է տարբեր գործնական հարաբերությունների ստեղծմանը: Արբիտրաժը փակ համայնք է, բնականաբար, AMCA-ն, ստեղծվելով վերջերս, չի կարող լինել ներկայումս միջազգային ճանաչված արբիտրաժային կենտրոններին մրցակից, սակայն միջազգային կոնֆերանսների և ծրագրերի մասնակցությունը նպատակ ունի տեղայնացնելու այդ կազմակերպությունների լավագույն փորձը:
21-րդ դարը արագ է զարգանում, ինչն էլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, սակայն այս փուլում ևս կարելի է վերցնել Լոնդոնի ավանդականը, ICC-ի դասականը, դրա վրա ավելացնել 21-րդ դարի ճկունությունը, թվային գործիքակազմը և համատեղել ստացված դասականը՝ ժամանակակից մեթոդների հետ:
Ներկայումս մենք ունենք փորձագիտական գիտելիքների պակաս, ունենք ֆանտաստիկ իրավաբաններ, ովքեր հմուտ են իրավաբանության մեջ, բայց արբիտրաժը այլ գործիք է, ու եթե իրավաբանը չտիրապետի վերջինիս երբեք չի մտնի այդ դաշտ: Մենք իրավաբաններս շատ զգուշավոր ենք, այն իմաստով, որ եթե ինքներս չունենք մասնագիտական կոմֆորտ զոնա, երբեք չենք ուղորդի մեր վստահորդին այնտեղ, դրա համար այս խնդիրը ևս լուծում ենք՝ բերելով միջազգային լավագույն փորձը: Հանդիպումների ժամանակ մենք նոր մասնագետների ու փորձագետների ենք ներգրավում, և պատահական չէ, որ մեր երկրորդ միջազգային կոնֆերանսին, մենք ունեինք պանելներ, որտեղ ներգրավված էին աշխարհի առաջատար մասնագետներ, ովքեր առաջին անգամ էին գալիս Հայաստան: Եվ, գալով առաջին անգամ Հայաստան, նրանք ցանկանում էին շարունակել աշխատել Հայաստանի հետ՝ տարբեր ոլորտերում: Կարևոր է նշել նաև այն, որ Հայաստանն ունի մեծ պոտենցյալ միջազգային հաբ դառնալու համար, և պետք է Հայաստանը ավելացնել միջազգային արբիտրաժային քարտեզի վրա: Պետք է միջզազգային արբիտրաժային կառույցների շարքում լինի նաև Հայաստանը, քանի որ աշխարհագրորեն ՀՀ-ն ունի այդ պոտենցիալը և վերջինս հանդիսանում է արբիտրաժամետ երկիր, իսկ այսօր որոշում կայացնողների մակարդակում կա ցանկություն Հայաստանը միջազգային հաբ դարձնելու՝ ուստի վերջինս իրականացնելու համար, չես կարող միայն ՀՀ-ում գործել, նմանաբնույթ հանդիպումներն ու միջոցառումներն այս համատեսքստում՝ անխուսափելի են: