Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 24-ին ՌԴ-ի Կազան քաղաքում անցկացված «BRİCS»-ի գագաթնաժողովից վերադառնալիս, հանդիպել է լրագրողների հետ։
Անդրադառնալով Անկարայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական ակտին՝ Էրդողանը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին, ապա նաև դատապարտել տեղի ունեցածը։
Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում օգտագործում են բոլոր հնարավորությունները և պայքարում դրա դեմ մի շարք ուղղություններով։
«Մենք անպայմանորեն հասնելու ենք նրան, որ ահաբեկչության խավարն ու արյունոտ ստվերը ետ քաշվի մեր երկրից, ինչպես նաև մեր նպատակին՝ լուսավոր, խաղաղ և անվտանգ Թուրքիայի կերտմանը»,-հավելել է նա։
Խոսելով Թուրքիայի ռազմարդյունաբերությունից՝ ասել է, որ այն էլ ավելի են շատացնելու և մեծացնելու, իսկ նրանց, ովքեր անհանգստանում են Թուրքիայի գործողություններից, իրենց հաջողություններով էլ ավելի են անհանգստացնելու։
Հիշեցնենք, որ օդատիեզերական թուրքական «TUŞAS» կազմակերպության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել էր 5, իսկ վիրավորվել 22 մարդ։ Թուրքական իշխանությունները դրա կազմակերպման մեջ մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։
Աղբյուրը՝ Ermenihaber.am-։