Հայրենական մեծ պատերազմի վետերաններն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր` զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով:
Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
Հաշմանդամ վետերաններն իրավունք ունեն նաև`
ա) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը.
բ) ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պատվովճարի գումարը հարկման ենթակա չէ և չի հաշվառվում վետերանների կամ նրանց ընտանիքների սոցիալական կարիքավորության աստիճանը որոշելիս:
Նշված արտոնությունների իրականացման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: