Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդել էր Նատալյա Չեռնիկովային որպես վկա հրավիրել դատարան։
Մեղադրյալ Վահագն Վերմիշյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց, որ Նատալյա Չեռնիկովայի վրա հոգեբանական ազդեցություն է գործադրվել, առանց փաստաբանի է քննվել, նույնիսկ մեծ վտանգ է եղել երեխային կորցնելու․ «Որպեսզի քողարկեն, քննիչն ա կազմակերպել Նատալյա Չեռնիկովայի՝ Հայաստանից դուրս գալու պրոցեսը, որպեսզի քողարկի էդ միջադեպը, վայրենաբար են վերաբերվել կնոջ նկատմամբ, գոռացել, և այլն, և այլն։ Աղաջանյանի բոլոր ասածները ծայրից ծայր սուտ են, ինքը ստախոս ա»։
Այս արտահայտությունից հետո նախագահող դատավոր Կարեն Ամիրյանն ընդհատեց մեղադրյալին, կրկին զգուշացրեց նկատողություն տալու հնարավորության մասին։
Վահագն Վերմիշյանը շարունակեց․ «Ես իմ կարծիքն ունեմ կոնկրետ անձի նկատմամբ»։ Նախագահող դատավորն ասաց՝ դատավարության մասնակիցները կարող են նաև Վերմիշյանի մասին շատ տարբեր կարծիքներ ունենալ, բայց դրանք սուբյեկտիվ ընկալումներ են, և պետք չէ դատարանում բարձրաձայնել, ինչին ի պատասխան Վերմիշյանն ասաց՝ «Ինքը իմ մասին էնքան զրպարտություններ ա ասել, ինքը ստախոս ա, мутиловщик ռուսերեն, հայերեն՝ բանսարկու։ Բանսարկուների հետ համապատասխան ձևով ա պետք խոսել»։
Դատարանը 2 անգամ նկատողություն տվեց Վերմիշյանին, սակայն վերջին խոսքերի համար սանկցիա կիրառեց՝ վերջինիս հեռացնելով դատական նիստերի դահլիճից։
Նախագահող դատավորը պաշտպան Կոչուբաևին ասաց՝ դատարանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ինչքան դատավարությունը գնում է դեպի ավարտ, և՛ պաշտպանական մարտավարության տեսանկյունից, և՛ Վերմիշյանի խոսքի տեսանկյունից խնդրահարույց է դառնում, ինչը չի կարող դատարանի կողմից պատշաճ վարքագիծ որակվել։
Ալեքսանդր Կոչուբաևն ի պատասխան նախագահողի՝ ասաց․ «Արդեն երկրորդ դեպքն է, սա ուղիղ վիրավորանք է, մենք ոչ մի մարտավարություն էլ չունենք, մեր մարտավարությունը դատավարական է, ներկայացնում ենք վերաքննիչ բողոք, օրենսդրությունը տալիս է հնարավորություն չլուծված խնդիրները վերաքննության փուլում լուծելու։ Քրեական դատավարության մեջ սրբազան հովեր չկան, և այդ թվում պարոն Աղաջանյանն էլ բացառություն չէ։
Բասարկուն ընդամենը բան սարքող իմաստն ունի, իսկ պարոն Վերմիշյանի պնդմամբ իր դեմ գործ է սարքվել, և սա է մեր գլոբալ միտքը, ես առարկում եմ ձեր գործողությունների դեմ, խնդրում եմ այլևս ինձ չվերագրել այնպիսի վարքագիծ, որը ես չեմ դրսևորում»։
Նշենք, որ Ալեքսանդր Կոչուբաևի կողմից ներկայացված վերջին միջնորդությունը դատարանը մերժեց։
Մանրամասները՝ տեսանյութում։