«Չենք կարող բավարար չափով երախտապարտ չլինել». Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի հատուկ կարծիքները

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանը որոշել է՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը երեկ հակասող կարծիք էր հայտնել որոշման մասին, իսկ հոկտեմբերի 7-ին հրապարակվել է դատավորներ Վահե Գրիգորյանի և Դավիթ Խաչատուրյանի հատուկ (համընկնող) կարծիքները։

Դատավորներն արձանագրել են, որ այս հատուկ կարծիքը ներկայացվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով։

«Մինչ 1990-1995 թվականների ընթացքում Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների ընթացքին անդրադարձը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ աշխատանքների ընթացքում քաղաքական կուսակցությունների, պետական պաշտոնատար անձանց, անհատ քաղաքական գործիչների և իրավաբանների դիրքորոշումները և կարծիքները Սահմանադրական դատարանի համար չէին կարող և չպետք է ունենային որոշիչ կամ առհասարակ՝ որևէ նշանակություն այն պատճառով, որ Սահմանադրության նախագծի մշակման և ամբողջականացման գործընթացը չի կարող նույնականացվել Սահմանադրության ընդունման ակտի հետ»։

Մի քանի կետերով անդրադառնալով Սահմանադրական հանձնաժողովում Սահմանադրության նախագծման աշխատանքների ընթացքին՝ նշվել է, որ  Գերագույն խորհուրդը 1994 թվականի հունիսի 16-ի նիստում որոշել է ընդլայնել Սահմանադրական հանձնաժողովի կազմը՝ դրանում ներառելով հանձնաժողովում ներկայացվածություն չունեցող հասարակական-քաղաքական կազմակերպությունների և օրենսդրական նախաձեռնության հեղինակների մեկական ներկայացուցիչներով և հանձնաժողովի կազմում ներառել Գերագույն խորհրդի նախագահին՝ համանախագահի կարգավիճակով։

Ուշադրության է արժանացել 1995 թվականի Սահմանադրության մշակման գործընթացում Հռչակագրի՝ Սահմանադրության բովանդակության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ թե՛ նախագծի վրա աշխատանքներ իրականացրած հանձնաժողովի, թե՛ նախագիծը հաստատած և համաժողովրդական քվեարկության դրած Գերագույն խորհրդի հարցը։ Մասնավորապես, ՍԴ-ի կողմից պահանջված և ուսումնասիրված մի քանի հազար էջ պաշտոնական արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Հռչակագրի բոլոր այն դրույթների սահմանադրականացումը, որոնք նախատեսված չեն եղել Սահմանադրությամբ, հանդիպել են ծանրակշիռ հակազդեցության հենց Սահմանադրական հանձնաժողովում, որտեղ Հռչակագրի կարգավորումների Սահմանադրության ծավալի ներմուծման, դրանց ունեցած իրավական ուժի և դրանց՝ Սահմանադրության անփոփոխ դրույթներ լինելու հարցերում հստակություն մտցնելու հարցին որոշակիություն հաղորդելուց խուսափելն ինքնին ընտրված մարտավարություն էր՝ առավել գերակա՝ Սահմանադրություն ունենալու խնդրի անլուծելիությունից խուսափելու և Սահմանադրության ընդունման գործընթացը քաղաքական փակուղուց դուրս բերելու համար։

  • Նման լուծումն այնուամենայնիվ չի տվել այն հարցի հստակ և Սահմանադրության անփոփոխ դրույթների ուղղակիությանն արժանի պատասխանը, թե արդյոք Հռչակագրի համապատասխան դրույթները Սահմանադրության մաս են, թե՞ ոչ։
  • Այլ խոսքով՝ արդյոք Սահմանադրությունից բացի կա մեկ այլ՝ Սահմանադրության իրավական ուժ ունեցող, եթե ոչ վերսահմանադրական (եթե հաշվի առնենք, որ քննարկվում է դրա՝ Սահմանադրության նախաբանի, այսինքն՝ անփոփոխ դրույթի մաս հանդիսանալու հարցը) ակտ։

Հետևաբար՝ Սահմանադրական հանձնաժողով չուներ այս պարզ իրավական հարցի իրավական լուծման հստակ, որոշակի և անորոշություններից զերծ պատասխանը։

Հատուկ կարծիքի մեջ դատավորները նշել են, որ Սահմանադրությունը չի ընդունվել ո՛չ Սահմանադրական հանձնաժողովի, ո՛չ էլ Գերագույն խորհրդի կողմից, ու այդ մարմիններում քաղաքական գործընթացների միջոցով Սահմանադրության նախագծի տեքստի տեխնիկական աշխատանքի հետևում թաքնված հակադիր դիրքորոշումների հաշտեցման քաղաքական լուծումները չեն կարող Սահմանադրական դատարանի որևէ դատավորի համար ուղղորդիչ, եթե առհասարակ՝ որևէ կարևորություն պարունակել Սահմանադրության դրույթների մեկնաբանման հարցում։

Մատնանշվել է, որ ՍԴ դատավորը չի կարող նախընտրություն կամ գնահատական տալ քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների կամ նախագծման աշխատանքներում ներգրավված անհատ իրավաբանների կամ իրավաբանական ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նպատակներին, քաղաքական մարմինների մտայնություններին, իրավունքի դպրոցների նախընտրություններին, քաղաքական ծրագրերին և նպատակներին։

Միաժամանակ, ՍԴ դատավորները նշել են, որ չեն կարող առաջնորդվել բոլորովին այլ՝ իր իշխանազորությամբ այս ողջ համախմբի նկատմամբ գերակա դիրք ունեցող Սահմանադրի կամքը բացահայտելու հարցում։

ՍԴ դատավորները, սահամանափակելով իրենց հատուկ կարծիքը, հետևյալն են ընդգծել․

Չենք կարող բավարար չափով երախտապարտ չլինել ՍԴՈ-1749 որոշմամբ Սահմանադրության և Հռչակագրի հարաբերակցության առնչությամբ համախոհություն արտահայտած մեր այն դատավոր գործընկերներին՝ համախոհության համար, որոնք`

ա) բացառել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան Սահմանադրի իրավազորության շրջանակը սահմանափակելու իրավական հնարավորությունը՝ վերջինիս կամաարտահայտության բացակայության պայմաններում, Սահմանադրության անփոփոխ դրույթների (նախաբանում՝ սկզբունքների և նպատակների) ցանկը Սահմանադրական դատարանի հայեցողությամբ ավելացնելու միջոցով, և

բ) արդյունքում՝ արմատապես մերժել են Սահմանադրության գերակայության ապահովման միջոցով Սահմանադրի կամքի գերակայության իրենց առաքելությունը ձևախեղելու՝ Սահմանադրին Սահմանադրական դատարանի կամքը թելադրելու հետևանքը.

գ) ընդգծված հարգանքով պաշտպանել են Սահմանադրության բովանդակային ծավալում որևէ՝ «հայոց պետականության հիմնարար սկզբունքի կամ համազգային նպատակի» ընտրության հարցի՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի լուծման բացառիկ իրավազորության սահմանները։

ՍԴ դատավորների հատուկ կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել