Ինչպե՞ս է ապահովագրական ընկերությունը վճարում իր մասնակիցների շահաբաժինները

Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր մասնակիցներին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների բաշխման կամ վճարման մասին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ:

Տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված շահույթը կարող է բաշխվել ապահովագրական ընկերության մասնակիցների միջև կամ տեղափոխվել հաջորդ ֆինանսական տարի, եթե պարտադիր պահուստները կամ կանոնադրությամբ սահմանված այլ պահուստները ստեղծված և ամբողջությամբ համալրված են:

Կանոնադրական կապիտալի հաշվին շահութաբաժինների վճարումն արգելվում է:

Ապահովագրական ընկերությունն իրավունք չունի վճարելու տարեկան շահութաբաժիններ, եթե`
1) շահութաբաժինների վճարման պահին կամ վճարման հետևանքով ընկերությունը խախտում է կամ կարող է խախտել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը.
2) Կենտրոնական բանկն ընկերությունից պահանջել է վերացնել ֆինանսական կամ այլ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության անարժանահավատությունը, և ընկերությունը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը.
3) շահութաբաժինների վճարման պահին ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:

Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի՝ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների (եռամսյակային ու կիսամյակային) վճարման ժամկետը սահմանվում է ընկերության խորհրդի՝ միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո: Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակ, որում պետք է ընդգրկվեն՝
1) միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են ընկերության մասնակիցների ռեեստրում՝ խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
2) տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում՝ ընկերության այն մասնակիցները, որոնք ընդգրկվել են ընկերության մասնակիցների ռեեստրում՝ ընկերության մասնակիցների տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ:

Միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը՝ խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:

Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:

Եթե ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան հաստատված շահութաբաժինների չափը գերազանցում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինները, ապա տարեկան շահութաբաժինը վճարվում է սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:

Ապահովագրական ընկերության ընդհանուր ժողովն իրավունք ունի շահութաբաժիններ չվճարելու որոշում ընդունելու, իսկ բաժնետիրական ընկերություն հանդիսացող ընկերության արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, նաև շահութաբաժինները ոչ լրիվ չափով վճարելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել