Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է:
Նշված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը:
Եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում` այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը:
Որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին: