«Ես իրավական ոլորտից մի քիչ հեռու եմ կանգնած, բայց մի քանի բան հասկանում եմ»․ Վարդան Ղուկասյանի գործը դատարանում է

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ևս 4 ամբաստանյալների գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող, Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Խաչատրյանը, պաշտպաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը, Մանուկ Մելքոնյանը, մեղադրյալներ Արմեն Մաթևոսյանը, Գևորգ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Սպարտակ Ղուկասյանը և Վարդան Ղուկասյանը։

Նիստը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստին մեղադրանքի կողմից ներկայացվել էին ապացույցներ, պաշտպանության կողմից Արամայիս Հայրապետյանը ևս ներկայացրել է մի շարք ապացույցներ, ու հանրային մեղադրողը ժամանակ է խնդրել դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Դատախազ Արամ Խաչատրյանն անդրադառնալով պաշտպանության կողմից ներկայացված ապացույցներին՝ առաջին ապացույցի մասով նշեց, որ դա արդեն իսկ ներկայացվել է ու կրկին հետազոտելու անհրաժեշտություն չկա, նա շարունակաբար նշեց նաև մյուս ապացույցները, որոնք ևս ենթակա չեն հետազոտման։

Գործի մյուս հատորներում առկա ապացույցների մասով Խաչատրյանը հայտնեց՝ մեղադրանքին վերաբերելի որևէ փաստական տվյալ չի հիմնավորվել, սակայն ներկայացված փաստաթղթերը որոշակի ծավալ չեն ներկայացնում․ «Որպեսզի չստացվի, որ պաշտպանության կողմի իրավունքը մեղադրանքի կողմը փորձում է սահամանափակել, ես չեմ առարկում, եթե դատարանը կգտնի, որ ներկայացված ապացույցներով մեղադրանքի որևէ փաստական հանգամանք հիմնավորվում է կամ հաստատում, չեմ առարկում, որպեսզի դրանով ծավալը լրացվի»։

Հանրային մեղադրողի համար անհակասնալի էր, թե քաղաքական հետապնդման վերաբերյալ ապացույցն ինչի համար է ներկայացվել և ապացույցների որ տեսակին պետք է դասել, ասաց՝ դրանով առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը չի հաստատվում։ Նա նույն դիրքորոշումը հայտնեց նաև սոցկայքերի հղումների մասով։

Պաշտպանության կողմից նշեցին, որ քաղաքական հետապնդման վերաբերյալ հայտարարությամբ փորձում են ցույց տալ, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված «ասեկոսե» բնույթի ապացույցները ունեն շարժառիթներ, որոնք կարևոր են դրանց արժանահավատությունն ու այլ էական հանգամանքեր գնահատելու համար։

Էլեկտորնային կրիչներում առկա տեսագրությունների վերաբերյալ պաշտպանն ասաց․ «Տեսագրությամբ քաղաքական դերակատարը Գլխավոր դատախազի հայտարարությանը և դրանից դուրս, կոնկրետ անձին թիրախավորելով կոնկրետ պահանջներ է ներկայացնում, և ոչ թե պահանջեր է ներկայացնում, ասում՝ խնդրում եմ սա արեք, այլ, որ սա լինելու է որպես կայացված փաստ, և շատ կարճ ժամանակ անց հաջորդում են իրավական գործընթացներ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Այս պատկերը դատաքննության ծավալներում ներառման ենթակա է։ Դատարանը կհերքի, թե ոչ, դա այլ հանգամանք է»։

Նախագահող դատավորը ապացույցների հետազոտման հետևյալ հաջորդականությունը սահմանեց՝ նախ հետազոտել մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները, հետո անցնել վկաների հարցաքննությանն ու լսել մեղադրյալներին։

Անդրադառնալով պաշտպանության կողմից ներկայացված այն ապացույցներին, որոնք, դատարանի գնահատմամբ, հանդիսանում են վարույթային նյութեր՝ նախահագող դատավորն արձանագրեց, որ դրանք չեն հանդիսանում Քրեական դատավարության 315-րդ հոդվածով նախատեսված ապացույցներ, սակայն հաշվի առնելով այն, որ պաշտպանության կողմի համար դրանք կարող են էական նշանակություն ունենալ դիրքորոշում հայտնելու համար, դատարանն ապացույցների հետազոտման ավարտից հետո կքննարկի նաև այդ հարցերը։

Դատավոր Մերիս Մոսինյանը հայտնեց նաև, որ լազերային սկավառակները ևս ապացույց չեն հանդիսանում, հետևաբար չներառվեցին ծավալի մեջ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին բացի մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանից, մյուս մեղադրյալները հայտնեցին, որ համապատասխան փուլում դատարանում ցուցմունք են տալու։

Պաշտպանական կողմից Արամայիս Հայրապետյանը հանդես եկավ ապացույցների թույլատրելիության վերաբերյալ  միջնորդությամբ։

Նրա խոսքով՝ մեղադրանքի կողմը որպես ապացույց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի կողմից տրված մասնագիտական կարծիքը, ինչը որպես արտավարույթային փաստաթուղթ, չի կարող օգտագործվել որպես ապացույց։

Փաստաթղթի՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված լինելու վերաբերյալ պաշտպանը նշեց, թե գնահատելով այն հանագամանքը, որ այդ փաստաթուղթը հանդիսանում է քննիչի կողմից կայացված որոշման արդյունք, պետք է փաստել, որ այն ձեռք չի բերվել արտավարույթային այլ փաստաթուղթ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված որևէ կարգով։ Պաշտպանը միջնորդեց նշված մասնագիտական կարծիքը ճանաչել օգտագործման համար անթույլատրելի ապացույց։

Հաջորդիվ պաշտպանը միջնորդեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմինների կողմից տրված հողերի օգտագործման և պահպանման խախտման վերաբերյալ ակտերը  նույնպես անթույլատրելի ճանաչել։

Նախագահող դատավոր Մերի Մոսինյանն առաջին միջնորդության վերաբերյալ հարցրեց, թե Քրեական դատվարության օրենսգրքով քննիչին տրված լիազորությունն ինչի համար է, պաշտպանն ասաց՝ դա վարույթն իրականացնող մարմնին օժանդակող բնույթ է կրում․ «Մասնագիտական ստուգման արդյունքները չեն կարող լինել ապացույցի տեսակ, դա ինքնանպատակ չէ, անձն իրավունք ունի մասնակցելու փորձաքննության կատարմանը, բայց մասնագիտական ստուգում իրականացնելու կարգ չկա»։

Մյուս պաշտպանները ևս միացան Արամայիս Հայրապետյանի կողմից ներկայացված միջնորդություններին։

Հանրային մեղադրող Արամ Խաչատրյանն ասաց՝ ներկայացված միջնորդություններն այս փուլում քննարկման ենթակա չեն, դրանք պետք է մերժել ու, եթե դատարանը դրանց բավարարման հնարավորություն տեսնի, ապա պետք է միջնորդության քննարկումները հետաձգվեն, լուծվեն 335-րդ հոդվածով սահմանված կարգով։

Մեղադրյալ Վարդան Ղուկասյանը քննարկման ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ․ «Ես իրավական ոլորտից մի քիչ հեռու եմ կանգնած, բայց մի քանի բան հասկանում եմ, այստեղ բազում գործերի մասին է խոսքը գնում, բայց էդ գործերը քաղաքապետին չի առնչվում, կան էնտեղ գործեր, որ քաղաքապետին առնչվում են, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մեզ, իսկ էդ մնացած գործերի վերաբերյալ համապատասխան կառույցները բացատրություն են տվել, Դուք կարճել եք էդ գործերը։ Հիմա վերջին գործը մեզ հետ ի՞նչ կապ ունի, երբ որ քաղաքապետարանում 30 հոգի միայն քաղաքաշինության բաժնում է աշխատում, 25 հոգի ճարտարապետական բաժնում, և բոլորն իրենց գործունեությունը բերում, ներկայացնում են քաղաքապետին, քաղաքապետը վերջում ընդամենը ստորագրում է։ Մի հատ առաջարկություն եմ անում, որոնք ինձ ու իմ ընտանիքին են առնչվում, ավելի ճիշտ կլինի դրանք քննարկենք»։

Դատավորն ասաց՝ դատարան ներկայացված ապացույցները պետք է հետազոտվեն, որպեսզի հասկանալի լինի՝ որն է առնչվում գործին, որը ոչ։

Դատարանը որոշեց պաշտպան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունների քննությունը հետաձգել, դրան անդրադառնալ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սպառելուց հետո։ Նախնական դատալսումներն ավարտվեցին, դատարանն անցավ հիմնական դատալսումների փուլին։

Նիստի ավարտին Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, դատավորին ասաց․ «Չենք կարող երկրից դուրս գալ։ Գործեր ունենք, բիզնեսներ, հազար հատ խնդիրներ, մեղադրողը փակել է, չի թողում գնանք»։

Դատավորն ասաց՝ մեղադրողը չի փակել, դատարանն է որոշում խափանման միջոցի հարցը, ու պաշտպանի հետ խորհրդակցելու դեպքում կարող են համապատասխան միջնորդություն ներկայացնել։

Առաջինը բացման խոսքով հանդես եկավ հանրային մեղադրողը։

Ըստ գործի նյութերի՝ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հիմքերով․

Նա, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 12-ը հանդիսանալով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքաշինության բնագավառում իրականացնելով հետևյալ պարտադիր լիազորությունները՝ ի թիվս այլնի՝ կազմել է համայնքի բնակավայրի քաղաքաշինական գլխավոր հատակագծի նախագիծը և համայնքի հողերի գոտիավորման ու օգտագործման սխեման, համապատասխան մարզպետի միջոցով, պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում

  • ներկայացրել է համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների գոտիավորման մանրամասն հատակագծման, հողաշինարարական և կառուցապատման նախագծերը, դրանք ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը,
  • կազմել է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, դա ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը,
  • կառուցապատողներին տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնել ճարտարապետաշինարարական նախագծերը,
  • սահմանված կարգով տվել է շինարարության (քանդման) թույլտվություն, ձևակերպել շինարարության ավարտական ակտերը, համայնքի սեփականություն համարվող գույքը, քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային համապատասխան,
  • աճուրդային եղանակով օտարել է և օտարվող գույքի մեկնարկային գինը սահմանելու մասին որոշման նախագծերը ներկայացրել ավագանու հաստատմանը,
  • համայնքի ավագանու սահմանած կարգով որոշում է կայացրել համայնքի սեփականություն համարվող գույքը, համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմային, ինչպես նաև ավագանու սահմանած վարձակալության վճարներին համապատասխան, վարձակալության տրամադրելու և հետ վերցնելու մասին,
  • կանխել և կասեցրել է ինքնակամ հողազավթումը և շինարարությունը, իր որոշմամբ անմիջապես ձեռնարկել համապատասխան գործողություններ և մեկամսյա ժամկետում, օրենքով սահմանված կարգով, ապահովել դրանց հետևանքների վերացումը, սույն բնագավառում իրականացնելով պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները՝ քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմային համապատասխան միմիայն իր կնքած պայմանագրի համաձայն հատկացնել, հետ վերցնել, վարձակալության տրամադրել, իսկ օրենքով սահմանված կարգով և դեպքերում օտարել համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը։

Վարդան Ղուկասյանին մեղսագրվում է պատժի սպառնալիքով արգելված 2003 թ․ ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նշված արարքների կատարումը:

Հանրային մեղադրողը հաջորդ դատական նիստին կշարունակի ներկայացնել Վարդան Ղուկասյանին և մյուս մեղադրյալներին մեղսագրվող արարքները։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին։

Տեսանյութեր։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել