Կազմակերպության հիմնադիրներից յուրաքանչյուրը կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության անդամ է այնպիսի իրավունքներով ու պարտականություններով, ինչպիսիք ունեն կազմակերպության մյուս անդամները:
Անձը, որը կազմակերպության հիմնադիր չէ, կազմակերպության անդամ կարող է դառնալ իր կամքի ազատ արտահայտման հիման վրա` այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:
Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անչափահաս անդամների իրավունքների ու պարտականությունների առանձնահատկությունները:
Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք չէ: