Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է մահացածի աշխատավարձի, եկամտի այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար:
Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի, եկամուտների հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:
Վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը, եկամուտը և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:
Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) երեխայի ծնունդը կերակրողի մահվանից հետո.
2) մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակումը և դադարումը:
Հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:
Տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարը կյանքի թանկացման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ենթակա է ինդեքսավորման:
Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու դեպքում կորցրած աշխատավարձի, եկամտի և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարները մեծանում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն: