Վարչական դատարան ներկայացվող հայցի տեսակների մասին

Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Վարչական դատարան կարող են ներկայացվել հայցի հետևյալ տեսակները.

1. վիճարկման հայց,
2. պարտավորեցման հայց,
3. գործողության կատարման հայց,
4. ճանաչման հայց:

Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:

Վիճարկման հայց

Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Պարտավորեցման հայց

Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չիընդունել:

Գործողության կատարման հայց

Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղվածչեն վարչական ակտի ընդունմանը:

Ճանաչման հայց

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող ներկայացնել վերը նշված մյուս հայցերը:

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ ավարտված գործողությունը(անգործությունը), եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու (անգործություն կրկին դրսևորելու)վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նշենք, որ վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնքառաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով:

Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են:

Կախված հայցի տեսակից` օրենքը սահմանում է դատարան հայց ներկայացնելու հետևյալ ժամկետները:

Հայցը դատարան կարող է ներկայացվել՝
1) վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը.
3) գործողության կատարման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից այն մերժելու պահից,
բ. եռամսյա ժամկետում` այն պահից, երբ վարչական մարմնին դիմում է ներկայացվել պահանջվող գործողությունը կատարելու վերաբերյալ.
4) ճանաչման հայցի դեպքում՝ անկախ ժամկետից:

Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել