Դատավորն իրավունք ունի`
1) ծանոթանալու Արդարադատության խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.
2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու.
3) ապացույցներ ներկայացնելու և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:
Դատավորի փաստաբանը բոլոր դեպքերում իրավունք ունի մասնակցելու Արդարադատության խորհրդում տվյալ դատավորի վերաբերյալ հարցի քննարկմանը և օգտվում է հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից:
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում Արդարադատության խորհրդին բացատրություններ տալը նրա պարտականությունն է: Արդարադատության խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքներից:
Արդարադատության խորհրդի կանչին դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Արդարադատության խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ: