Հրայր Թովմասյանի գործով պաշտպանության կողմը պնդում է՝ քրեական հետապնդումը հարուցվել է առանց վերջինիս անձեռնմխելիության պահպանման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը պնդեց, որ քրեական հետապնդումը հարուցվել է առանց Հրայր Թովմասյանի ընթացակարգային անձեռնմխելիության հաղթահարման, ինչը հանգեցրել է քրեական հետապնդման անթույլատրելիության։

Պաշտպանի խոսքով՝ հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից հավաքագրած ապացույցները չեն կարող համարվել թույլատրելի, դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ քրեական հետապնդման գոյությունն առանց անձեռնմխելիության հաղթահարման անթույլատրելի է․ «Ապացույցների ձեռքբերման ամրագրման թույլատրելիության կարգավորումից հետևում է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման էական խախտմամբ ձեռք բերված փաստական տվյալները, հատկապես, եթե դրանք իրենց հերթին հանգեցրել են դատավարության մասնակիցների իրավունքների էական խախտման»։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընդհատեց փաստաբանի խոսքը՝ ասելով, որ բովանդակային առումով նույն փաստերն են վկայակոչվում, հորդորեց չկրկնել, քանի որ միջնորդության լուծումը հետաձգվել է և դրան դատարանն անդրադառնալու է վերջնական դատական ակտով։

Հաշվի առնելով, որ Արամ Օրբելյանը միջնորդությամբ է հանդես եկել հոկտեմբերի 25-ից ձեռք բերված փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու միջնորդությամբ, պաշտպանը նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է հարուցվել հոկետմբերի 14-ից, և նշված դրվագով բոլոր փաստական տվյալների թույլատրելիության հարցը կասկածի տակ է դրել, խնդրել է հոկտեմբերի 14-ից սկսած նշված դրվագի վերաբերյալ ձեռք բերված բոլոր փաստական տվյալները ճանաչել անթույլատրելի։

«Հիմա, ենթադրենք մի իրավիճակ, Դուք գնում եք խորհրդակցական սենյակ, չնայած համոզված եմ, որ այդպես չի լինելու, բայց որոշում եք մեղավոր ճանաչել Հրայր Թովմասյանին, նրան մեղավոր եք ճանաչում, որ Նորայր Փանոսյանը լինելով իր սանիկը որոշակի գործողություններ է կատարել, հիմա Նորայր Փանոսյանը, երբ որ գնա էդ գործով պաշտպանության, ինչը՞ պետք է վիճարկի, էս դատավճիռը պետք է վիճարկի՞։ Իրավիճակից ելնելով՝ Դուք գործողություններ եք կատարել, որ ինքներդ Ձեզ զրկել եք էս գործով բացի արդարացի դատական ակտից այլ դատական ակտ կայացնելու հնարավորությունից»,-ասաց պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ իր կողմից ներկայացված հետևությունները բխում են ՄԻԵԴ նախադեպային իրավունքից, և այս վարույթի ընթացքում կատարված գործողությունները միտված են օրենքով սահմանված դատավարական կարգը սպառել և դատական ակտ կայացնել Թովմասյանի նկատմամբ, քանի որ Նորայր Փանոսյանի մասով դատարանն ակնհայտ «անգործություն» է դրսևորում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել