Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ կքննարկի Երևանի համար 156 հիմնական դպրոցն անվանափոխելու հարցը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է դպրոցն անվանափոխել ԽՍՀՄ և ՀՀ գրողների միության անդամ Զորայր Խալափյանի անվամբ՝ Երևանի Զորայր Խալափյանի անվան համար 156 հիմնական դպրոց։
Նշենք, որ նախագծի հեղինակը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն է։ Դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանը հայտնել է, որ առարկություններ չունի։
Ընդդիմադիր խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանին այս հարցով դիմել է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և նշել, որ Երևանի դպրոցներից մեկի անվանակոչումը հարգանքի տուրք կլինի գրողին։
Հիշեցնենք, որ Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։
1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։
Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։
Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Ա. Աղաբաբովը։
Իր «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր Գ. Մելքոնյան)։
Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրապարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներում գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը՝ պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը։