Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չեն ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:
Եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է, այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը, եթե չի ապացուցում, որ վնասը անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:
Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով:
Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:
Փոքրահասակի պատճառած վնասը հատուցելու, ծնողների, որդեգրողների, խնամակալի, կրթական, դաստիարակչական, բուժական և այլ հաստատությունների պարտականությունը չի դադարում փոքրահասակի չափահաս տարիքի հասնելով կամ նրա կողմից վնասը հատուցելու համար բավարար գույք ստանալով:
Եթե ծնողները, որդեգրողները, խնամակալը կամ այն անձը, որին վստահվել է անչափահասի խնամքը, մահացել են կամ բավարար միջոցներ չունեն տուժածի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողը, դառնալով լրիվ գործունակ, ունի այդպիսի միջոցներ, դատարանը, հաշվի առնելով տուժողի և վնաս պատճառողի գույքային դրությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ, իրավունք ունի վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին: