«Չեմ կարող, չեմ թողնի, գամ»․ կամավորականը, ով փրկեց վիրավոր հրամանատարին

Արտակ Վարդանյանը Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել է կամավոր։ Հայրը՝ Հուսիկ Վարդանյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ որդին մեկնում է ռազմաճակատ։ Արտակը հորը զանգել է այն պահին, երբ արդեն մարտի դաշտ մեկնող ավտոբուսի մեջ է եղել։

«Մինչև պատերազմն ընդունվել էր ոստիկանության պարեկային ծառայություն, մնացել էր վերջին հարցազրույցը։ Հոկտեմբերի 7-ին պետք է հարցազրույց ունենար։ Մյուս բոլոր քննությունները հանձնել էր։ Կինս աշխատանքի էր, ես տանն էի, ինքն էլ պետք է ժամը 3-ին գնար աշխատանքի։ Վեր կացա, պատրաստվում էի գյուղ գնալ։ Զանգեցի, ասացի՝ Արտակ ջան, մաման ամեն ինչ պատրաստել է, կգաս, կսնվես, նոր կգնաս աշխատանքի, ասաց՝ հա, պապ ջան։ Հինգ րոպե հետո զանգեց, ասաց՝ պապ, ես գնում եմ։ Ինքը չէր պատկերացնում, որ մեքենան կկանգնի, ես կհասնեմ։ Ասացի՝ տղա ջան, էս ի՞նչ ա կատարվում։ Ասաց՝ պապ, ջան, մարդիկ կան երեխաներ ունեն ու գնում են, ես չգնա՞մ։ Ու էլ չիմացա ինչ պատասխանեմ»,-պատմում է հայրը։

Նրա խոսքով՝ պատերազմական օրերին ամեն օր խոսել է որդու հետ։ Մոր անընդհատ հորդորներին, որ տուն գա, Արտակը պատասխանել է, որ չի կարող մենակ թողնել 18-20 տարեկան զինվորներին․ «Չեմ կարող, չեմ թողնի, գամ»։

«Եթե մի բան էլ եղավ, իմ ընտրած ճանապարհն էր սա, բայց ամեն ինչ լավ է»,-ասել է Արտակը՝ հոր հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Երկու ժամ անց ստացել են որդու զոհվելու լուրը։

Արտակը զոհվել է վիրավոր հրամանատարին փրկելիս․ «Գրիգորի Սողոմոնյանը եղել է իրենց ղեկավարը։ Ինչ-որ մեկը մտել է ներս ու ասել է՝ Գրիգորին խփեցին։ Ասում են՝ Արտակը տեղից վեր թռավ։ Ասել են՝ Արտակ ո՞ւր ես գնում, վերևից խփում են։ Արտակը պատասխանել է՝ արնաքամ կլինի, ո՞նց թողնեմ։ Արտակը գնացել է, հասել է Գրիգորին, գրկել է։ Սա ինձ արդեն Գրիգոր է պատմում, ասում է՝ աչքերս բացեցի, տեսա Արտակը գլխիս վերևում ա, ասացի՝ Արտակ, ջուր, ջուր եմ ուզում։ Արտակը վազել էր ջրի։ Ասացի՝ Արտակ, ջուրը լցրու գլխիս։ Այդտեղից էլ ոչինչ չեմ հիշում, աչքերս բացել եմ հիվանդանոցում, միանգամից ասել եմ՝ Արտակն ու՞ր ա, ախպերս ասաց՝ Արտակը չկա արդեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել