Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ցերեկային, ինչպես նաև գիշերային ժամերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների կողմից իրականացվել են համապատասխան աշխատանքներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների և բակային տարածքների ձնամաքրումը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանձնարարվել է, նախնական պայմանավորվածության համաձայն, ներգրավել նաև մասնավոր կազմակերպությունների մասնագիտացված տեխնիկան:
Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել նաև տնտեսվարողների նկատմամբ: Մասնավորապես, նրանք, ովքեր չեն կատարի իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրման, պարտադիր բարեկարգման ստանձնած պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Քազաքապետարանի լրատվության բաժնի փոխանցմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել՝ կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Իրավաբան.net