Դրվագներից մեկով Վահագն Վերմիշյանին մեղադրվում է խարդախության մեջ։
Ըստ գործի նյութերի՝ վերջինս խարդախությամբ Զոհրապ Հովհաննիսյանից հափշտակել է 2,5 միլիոն դրամ։
Ալեքսանդր Կոչուբաևը նշում է, որ Զոհրապ Հովհաննիսյանը Վերմիշյանի ազգականներից մեկի որդին է։ Վերմիշյանին վերջինիս զանգահարել է, ասել, որ ցանկանում է շինթույլտվություն ստանալ, անհրաժեշտ է նախագիծ։
Վերմիշյանն ասել է՝ ես չեմ կարող նախագիծ տալ, բայց գիտեմ մարդկանց, ովքեր կարող են դա անել, նախագծային աշխատանքի համար անհրաժեշտ է միայն 2,5 միլիոն դրամ։
Գումարի մի մասը փոխանցվել է Գագիկ Փանոսյանին, որը կրկին շատ մեծ պարծանքով և հպարտությամբ ասել է՝ մենք Վահագն Վերմիշյանից պատվեր ենք ստացել, դա մեզ համար մեծ պատիվ է։
«Վերցնելով այդ 5 հազար դոլարը՝ Վահագն Վերմիշյանը 2 հազար 500 դոլարը փոխանցել է Գագիկ Փանոսյանին։ Հասկանալ է պետք մի քանի բան․ մինչ շինթույլտվությունը, անձը պետք է ունենա նախ շենքի հատակագիծը, և երկրորդ, պետք է դիմի քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար»,-ասաց փաստաբանը։
Վերմիշյանը գումարի մի մասը հատկացրել է նախագծային աշխատանքների իրականացնելու համար, որից հետո պետք է մնացյալ գործողությունները կատարեր, սակայն նա կալանավորվեց, իսկ գործընթացը՝ կասեցվեց։
Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է՝ իր պաշտպանյալը թույլ չէր տալիս, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կյանքի կոչվեն։
Նա մեզ հետ զրույցում խոսեց նաև Վահագն Վերմիշյանի և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների, նրանց միջև տեղի ունեցած բանավեճի մասին, որը տեղի ունեցել տեսախցիկի առջև, ընդգծեց, որ Վերմիշյանը չլինելով ՔՊ-ական, լինելով հրավիրյալ մասնագետ, խոչընդոտում էր նրանց՝ ցանկությունները կյանքի կոչելու հարցում։
Խոսելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին՝ Կոչուբաևը նշեց․ «Պարոն Մարտիրոսյանն իր մասնագիտական ներուժը ներդրեց Վահագան Վերմիշյանին դատապարտելու հիմքում և իր իսկ կողմից դադարեցնում է տուժողի լիազորությունները՝ արձանագրելով, որ տուժողը որևէ վնաս չի կրել, և անգամ խարդախության հանցակազմով Վահագն Վերմիշյանին ճանաչում է մեղավոր»։
Չնայած առաջադրված մեղադրանքներին, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։
Մանրամասները՝ տեսանյութում։