Օգոստոսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր տնօրինության ղեկավար Մեհմեթ Սամսարի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Բայրոմաովի խոսքով՝ խաղաղության գործընթացի առջև դեռ մարտահրավերներ կան։ Նա ասել է, թե հայկական կողմը պահանջներ ունի իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ինչպես նաև կրկին արծարծվել է Հայաստանի սահմանադրության հարցը։
Ըստ Բայրամովի՝ նման սպառնալիքները խոչընդոտում են խաղաղությանն ու կայունությանը, տարածաշրջանում փոխգործակցությանը, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը և ընդհանրապես տարածաշրջանի կարգավորմանը։