Նոր փոփոխություններ՝ նվերների հաշվառման, հանձնման և գնահատման կարգերում․ ԿԿՀ որոշումների և օրենքի միջև հակասություն է առաջացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել 2023-ին իր ընդունած՝ նվերների ռեեստրի վերաբերյալ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը համապատասխանեցնելու, ինչպես նաև դրանք կատարելագործելու անհրաժեշտությամբ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ կատարվել է թույլատրելի նվերների շրջանակի փոփոխություն, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել է թույլատրելի նվերների ցանկի մեջ: Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են հաշվառման:

Նախագծի հեղինարկները նշում են՝ վերոգրյալ փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշմամբ սահմանված կարգերի և օրենքի միջև հակասություն է առաջացել:

««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ Պետական արարողակարգի ծառայությունը իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը:

Մինչև վերոնշյալ լրացման կատարումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից:

««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը: Այս պարագայում անհրաժեշտություն է ծագում նվերների հանձնման կարգով սահմանել համապատասխան նվերի հանձնման առավել սեղմ ժամկետներ:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է․

  1. հաշվառման ենթակա նվերների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին․
  2. սահմանել, որ եթե հանձնման ենթակա նվերը կենդանի է կամ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց  հետո, իսկ նվերի թույլատրելիության  վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝  համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ  այն հանձնել գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոնյան) պարտավոր է անհապաղ ապահովել  նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե կամ տեղական ինքնակառավարման մասին  օրենսդրությամբ սահմանված մարմնին․
  3. նախատեսել «Պետական արարողակարգի մասին» օրենքով նախատեսված դեպքերում Պետական արարողակարգի ծառայության կողմից համապատասխան նվերները հաշվառելու և նվերների ռեեստրում ներկայացված տվյալները լրացնելու, արդեն իսկ լրացված տվյալների փոփոխության, ուղղման, լրացման համար Հանձնաժողով դիմելու հնարավորություն․
  4. Նախատեսել, որ նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոնյային) հանձնվում  է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն սահմանված օրինակելի ձևի:

E-draft-ում նախագծի հանրային քննարկման ժամկետը լրացել է հունիսի 28-ին։ Այն դեռ չի արժանացել գործադիրի հավանությանը։

Հրապարակման մեջ օգտագործված լուսանկարների մի մասը պատրաստվել է AI-ի միջոցով։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել