Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք»-ին, այսպես կոչված, ռուսական օրենքին (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.), որը չի համապատասխանում Սահմանադրությանը», – ասել է քարտուղարը:
Մսխիլաձեն հավելել է, որ նախագահը վիճարկում է օրենքի մի քանի նորմեր և որոշ հոդվածներ։ Նրա խոսքով՝ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերը, իրենց իրավասությունների շրջանակում, պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։
Գործով մեղադրյալը լինելու է խորհրդարանը:
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել Է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած զանգվածային փողոցային բողոքի ցույցերին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին վետո է կիրառել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» (համանման օրենք վերջերս ընդունվել է նաև Ռուսաստանում-Խմբ.) և «հակասահմանադրական»։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է օրենքը այն բանից հետո, երբ նախագահը հրաժարվել է դա անել։ Այն ժամանակ Պապուաշվիլին բացատրել է, որ օրենքը ստորագրելուց հետո 60 օրվա ընթացքում Վրաստանի արդարադատության նախարարությունը կմշակի բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը և կազմակերպությունների համար էլեկտրոնային պորտալ կստեղծի։
60 օր հետո այն կազմակերպությունները, որոնք ունեն զգալի արտասահմանյան ֆինանսավորում, պետք է գրանցվեն պորտալում և հայտարարագրեր ներկայացնեն:
Վրաստանում օրենքի ընդունումն առաջացրել է Արևմուտքի դժգոհությունը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին. ամերիկյան կողմն արդեն չեղարկել է ծրագրված զորավարժությունները, իսկ Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարության ֆինանսավորումը։