Դատավոր Լիլի Դրմեյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստի տեսանկարահանումը չթույլատրվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, հուլիսի 1-ին շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում ԶԼՄ-ների ներկայացուցիչները միջնորդեցին նիստը տեսանկարահանել և լուսանկարահանել։ Դատախազները դեմ չէին, սակայն պատասխանող կողմի բոլոր ներկայացուցիչներն առարկեցին։ Լուսնթագ Բեժանյանը ի պատասխան դատարանի հարցմանը, թե ինչու է առարկում, ասաց՝ «չեմ ցանկանում, որ ինձ լուսանկարեն կամ տեսաձայնագրեն»։ Փաստաբանը հնարավոր համարեց սակայն առանց իր պատկերի նիստի տեսանկարահանումը։

Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ ընդհանրապես առարկում է լուսանկարահանման և տեսանկարահանման դեմ․ «Ոչ միայն իմ մասով, այլ առհասարակ նիստի մասով»։

Միակ պատճառը, որը նշեց Հարությունյանը, վստահորդների համաձայնության բացակայությունն էր։ Նշենք, որ նշված գործով առաջին նիստը նշանակվել է դեռևս 2024-ի հունվարին։ Այս ընթացքում եզակի նիստեր են եղել, որոնց ԶԼՄ ներկայացուցիչներ չեն մասնակցել, սակայն փաստաբանը մինչև այսօր չունի հարցի վերաբերյալ իր վստահորդների դիրքորոշումը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նույնպես նշեց, որ չի ցանկանում, որ ամբողջ նիստը տեսանկարահանվի։ Նրա կարծիքով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի լուսաբանումը որևէ հանրային շահ չի հետապնդում․ «Այստեղ այնպիսի ինֆորմացիաների շուրջ հարց ու պատասխաններ են լինում, որոնք հրապարակային քննության ենթակա չեն»։

Կարապետ Բադալյան

Միևնույն ժամանակ Ասատրյանը պնդում է, թե թաքցնելու ոչինչ չունեն։ Նախագահող դատավորը նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչների միջնորդությունները մերժվում են այն հիմքով, որ առկա չէ դատավարության բոլոր մասնակիցների համաձայնությունը։

Շուտով կլրանա Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մեկ տարին, այստեղ մի քանի տասնյակ գործեր են քննվում, սակայն դատավորներն այդպես էլ միասնական մոտեցում չեն ձևավորել հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի լուսաբանման մասով։

Օրինակ՝ նույն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը, անգամ պատասխանող կողմի առարկությունների պայմաններում գտնում է, որ կողմերից մեկի առարկությունը բավարար չէ նիստն ամբողջությամբ չտեսանկարահանելու համար։

Նիստերից մեկով կարապետ Բադալյանը նշել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը հանրային մեծ կարևորություն ունեն, լրագրողների ներկայությունը և լուսաբանումը շատ կարևոր են․ «Կարևոր են այն նպատակների հետապնդման և իրականացման համար, որոնք դրված են օրենքի հիմքում, ըստ էության՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Նման գործերով լրագրողների մասնակցությունը և տեղեկությունների հրապարակումը ինքնանպատակ չէ»։

Կարապետ Բադալյանը նշել է նաև, որ ԶԼՄ ներկայացուցչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ ամբողջությամբ։ Միևնույն ժամանակ դատավորը հայտնեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը կարող է համաձայնություն չտալ, որպեսզի իր պատկերը տեսանկարահանվի։

Գագիկ Ծառուկյանը և նրա ընտանիքի անդամները, ովքեր անցնում են նշված գործով

Անհասկանալի է դատավոր Դրմեյանի մոտեցումն այս հարցով, նիստի տեսանկահանումը և լուսանկարահանումը բխում է հանրային շահից, այն է՝ ապահովել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Պետք է հաշվի առնվի, որ գործով պատասխանող է ներգրավված նախկին պաշտոնյա, որ զբաղեցրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի, ԱԺ պատգամավորի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնները։

Հատկապես հակակոռուցպիոն դատարանում նիստերի տեսանկարահանման և լուսանկարահանման հարցը պետք է գտնվի Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով այն, որ դատարանը ստեղծվել, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար։

Նիստը շարունակվեց, այն միայն ձայնագրվեց։ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն ասաց՝ իր հարցադրումներից մեկը վերաբերում է դատավարության մեջ նոր, երրորդ անձանց ներգրավմանը, չգիտի՝ ամբողջ ծավալով են ներգրավված, թե ոչ, բայց Աննա Մնացականի Բարսեղյանը, կարծես, գործին մասնակից չի դարձել։ Վերջինս բռնագանձման ենթա գույքերից մեկի վարձակալն է։

«Գործի շրջանակներում արձանագրված է վերջինիս այս հայցի առարկայի մեջ ներառված գույքերի մեկի մասով կնքված վարձակալության իրավունքը, եթե պետք է նաև դատավարական ռեսուրսը չվատնելու տեսանկյունից հետագայում գան, ներգրավվեն ու գործի քննությունը վերսկսելու դիտարկումներ ներկայացնեն, դրա համար, եթե անհրաժեշտ է, դատարանը կարող է ծանուցել կամ ներգրավվել»,-ասաց Ասատրյանը։

Գևորգ Քոչարյան

Դատախազ Գևորգ Քոչարյանն նշեց՝ հաշվի առնելով, որ Աննա Բարսեղյանը այդ գույքի վարձակալն է, հավանական չի համարում, որ նա շահագրգռված լինի նիստով ներգրավվելու, բայց միևնույն ժամանակ նշեց, որ եթե ծանուցված չէ դատարանի կողմից որպես 3-րդ անձ ներգրավվելու իրավունքների մասով, կարող են ծանուցել, և, ըստ անհրաժեշտության, եթե ցանկություն կհայտնի, գա, ներգրավվի։

«Մենք էլ չենք միջնորդում վերջինիս 3-րդ անձ ներգրավել, հատկապես այն բանի համար, որ գտնում ենք՝ այդ բացակայության իրավունքը, մեր կարծիքով, այն հանգամանքը չէ, որ վերջինիս ամբողջ նյութերը տրամադրվի, առավել ևս, եթե ցանկություն չի հայտնել ներգրավելու․ ծանուցելով կարելի է բավարարվել»,-նշեց Գևորգ Քոչարյանը։

Փաստաբան Վարազդատ Ասատրյանը միջնորդեց կողմին որպես 3-րդ անձ ներգրավել՝ նշելով, որ իր կարծիքով ճիշտ կլինի՝ դատավարության մեջ նա լիարժեք ներգրավվի։ Դատավոր Դրմեյանը փորձեց ճշտել Բարսեղյանի հասցեն, Վարազդատ Ասատրյանն ասաց՝ այս պահին կդժվարանա հայտնել։ Դատավորն ընդգծեց, որ կարող են միջնորդել այն ժամանակ, երբ կունենան հասցեն։

Դատախազ Համլետ Հարությունյանն ասաց․ «Առարկում եմ միջնորդության դեմ, ես գտնում եմ, որ նշված անձանց իրավունքների ապահովման նպատակով այն գործիքը, որ տրված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, մասնավորապես ծանուցում այն անձանց, ովքեր իրենք կգտնեն, որ կարիք են տեսնում 3-րդ անձ ներգրավվելու, բավարար գործիք է նրանց իրավունքների ապահովման տեսանկյունից»։

Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանին հայտնեց Աննա Բարսեղյանի հաշվառման հասցեն։

Փաստաբան Հարություն Հարությունյանն նշեց, որ 3-րդ անձ ներգրավելու միջնորդությամբ կարող է հանդես գալ գործին մասնակցող անձը, տվյալ դեպքում՝ Վարազդատ Ասատրյանը․ «Դատախազության մեր գործընկերների դիրքորոշումից էլ ակնհայտ է, որ իրենք ևս տեսնում են այդ փոխկապակցվածությունը և դատական ակտի հնարավոր ազդեցությունը չծանուցված անձի իրավունքների վերաբերյալ»։

Դատախազ Գևորգ Քոչարյանի խոսքով՝ առարկությունը պայմանավորված է 2 հանգամանքով․ նախ դատավարական ռեսուրսի արդյունավետ օգտագործմամբ, ինչը առաջին հերթին պատասխանողների շահերից է բխում, և երկրորդ՝ նորից պատասխանողների շահերից, իրենց մոտեցումն այն է, որ տեղեկությունների տրամադրումը լինի հնարավորինս սեղմ շրջանակների, միայն այն դեպքում, երբ «հակառակը հնարավոր չէ»։

Դատավորն Ասատրյանին հարցրեց, թե արդյո՞ք վարձակալության պայմանագրի պայմաններին ծանոթ է, թե՞ ոչ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով, եթե հայցը բավարարվի, Աննա Բարսեղյանի համար՝ որպես վարձակալ, որևէ նշանակություն ունենալո՞ւ է սեփականատիրոջ փոփոխությունը։

Վարազդատ Ասատրյանը պատասխանեց՝ իր ունեցած տեղեկություններով այո, նշանակություն ունենալու է, հարցին, թե ինչով է դա դրսևորվում, ասաց՝ պայմանների շուրջ տեսական հնարավորություն չի լինելու և համագործակցության հնարավորությունը բացակայելու է․ «Իմ ունեցած տեղեկություններով՝ էական լինելը նաև դրսևորվում է պայմանագրի պայմանների շուրջ ձեռք բերված փաստացի համաձայնությամբ և դրա կիրառմամբ»։

Լիլի Դրմեյան

Դատարանն արձանագրեց՝ հնչած դիրքորոշումները բավարար են միջնորդության լուծման համար, նաև նշեց, որ ինչ վերաբերում է միջնորդության քննության համար գործի քննությունը հետաձգելուն, ապա այդ մասով դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը հիմք չէ հետաձգելու համար, քանի որ Աննա Բարսեղյանի իրավունքներն առնչվում են միայն մեկ անշարժ գույքի, և գործի քննությունն ամբողջությամբ հետաձգելու հիմք չկա։

Դատական նիստին դատախազ Գևորգ Քոչարյանը ևս միջնորդությամբ հանդես եկավ՝ պահանջելով դատարանից երրորդ անձ ներգրավել «Արտբեն» ՍՊԸ-ին նույն տրամաբանությամբ, ինչ որ Աննա Բարսեղյանին։ Դատարանը նշեց, որ այս միջնորդության վերաբերյալ ևս որոշում կկայացնի առանձին ակտի ձևով։

Դատարանի այս հայտարարությունից հետո հետաքրքրվեց՝ կարող է ստուգել հուլիսի 1-ի դատական նիստի մասով ծանուցումների վերաբերյալ տվյալները, քանի որ դրանք Azdarar.am-ով բացակայում են։ Դատավորը հարցրեց․

-Պարո’ն Ասատրյան, հիմա Դուք դատարանի գործողություններն եք ստուգո՞ւմ։

-Չէէ, հարգելի’ նախագահող, ես չեմ ստուգում․․․

-Նիստի ավարտից հետո գործի նյութերին կարող եք ծանոթանալ։ Դատարանը ֆիքսել է, որ կա պատշաճ ծանուցում։ 

Համլետ Հարությունյան

Հանրային մեղադրողներ Համլետ Հարությունյանը և Գևորգ Քոչարյանը հայտնեցին, որ հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությամբ են հանդես գալու ապագայում, ուստի նպատակահարմար են համարում հաշվարկները տրամադրել դատարանին և պատասխանող կողմին այն ժամանակ, երբ վերջնական տեսքով լինեն։ Նրանք ընդգծեցին՝ այս փուլում անհրաժեշտ են համարում հայցի պարզում իրականացնել, քանի որ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն դատարանը հետագայում կարող է թույլ տալ միայն պարզված հայցի պարագայում։ Ըստ դատախազների՝ հայցի իրավական հիմքերը փոփոխման չեն ենթարկվելու, ուստի այս փուլում, առնվազն, իրավական հիմքերի վերաբերյալ հարցերը կարող են սպառել։

Փաստաբան Վարազդատ Ասատրյանը նշեց, որ առանց այդ հաշվարկների տրամադրման արդյունավետ չի կարող լինել գործընթացը և չեն կարող ճիշտ կառուցել իրենց պաշտպանությունը։

Դատախազության ներկայացուցիչների պնդմամբ՝ պարտավորություն չունեն այդ հաշվարկները տրամադրելու, ուստի կտրամադրեն այն ժամանակ, երբ նպատակահարմար կհամարեն։ Դատարանը հավելեց, որ կարող են տրամադրել նաև դատարանի պահանջով։ Վարազդատ Ասատրյանը պահանջեց տրամադրել այդ հաշվարկները։

Դատարանը դատախազության ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել հայցադիմումի միայն առաջին մասը և նշել, թե  ուսումնասիրությունն ի՞նչ հիմքով են սկսվել և հաշվարկների իրականացման տրամաբանությունը որն է եղել։ Դատախազ Համլետ Հարությունյանը ներկայացրեց հայցադիմումի այդ հարցերին վերաբերելի հատվածները, ինչից հետո դատարանը հարցրեց՝ հաջորդ դատական նիստին կարո՞ղ են ներկայացնել այս պահին հարուցված և քննվող հայցի հիմքում դրված հաշվարկները։ Համլետ Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ հաշվարկները աշխատանքային ֆայլի տեսքով են, որոնք հաջորդ նիստին կներկայացնեն դատարանին։

Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ համաձայն հայցադիմումի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին պատասխանողներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

      • 79 անշարժ գույք. 
      • 42 տրանսպորտային միջոց.
      • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
      • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
      • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 
      • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
      • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
      • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
      • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել