«Լրագրողների ներկայությունը և լուսաբանումը շատ կարևոր են»․ դատավորը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի մասին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունիսի 10-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախահագությամբ շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա ընտանիքի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Սեդրակյանի ներկայացուցիչներից Վարազդատ Բադալյանը նիստին ներկա չէր, փաստաբաններից մեկը նշեց, որ բացակայության պատճառը հարգելի է։

Նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման հարցին անդրադառնալով Սեդրակյանների ներկայացուցիչներից Ալեքսան Խաչատրյանն առարկեց դրանց դեմ։

Նա նշեց, որ վստահորդներից պետք է դիրքորոշում ճշտի, հենց այդ պատճառով էլ առարկում է․ «Միգուցե, հաջորդ անգամ չառարկեմ, հարգելի դատարան։ Առարկում եմ, որ ընդհանուր նիստը տեսանկարահանվի»։

Նախագահող դատավորի խոսքով՝ կողմը պատասխանատու է միայն իր համար։ Բացի այդ, ներկայացուցչի կարծիքը պետք է դատարանի համար հասկանալի լինի։ Ալեքսան Խաչատրյանը պնդեց՝ առարկում է, որպեսզի այս պահին դատական նիստը տեսաձայնագրվի։

Դատարանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը հանրային մեծ կարևորություն ունեն, լրագրողների ներկայությունը և լուսաբանումը շատ կարևոր են․ «Կարևոր են այն նպատակների հետապնդման և իրականացման համար, որոնք դրված են օրենքի հիմքում, ըստ էության՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Նման գործերով լրագրողների մասնակցությունը և տեղեկությունների հրապարակումը ինքնանպատակ չէ»։

Կարապետ Բադալյանը նշեց, որ ԶԼՄ ներկայացուցչի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ ամբողջությամբ։ Միևնույն ժամանակ դատավորը հայտնեց, որ ներկայացուցիչը կարող է համաձայնություն չտալ, որպեսզի իր պատկերը տեսանկարահանվի։ Առարկեց միայն Ալեքսան Խաչատրյանը։

Այնուհետև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը հայտնեց դատարանին, որ նախորդ նիստին էր ներկայացվել հայցի հիմքն ու առարկա փոխելու վերաբերյալ միջնորդությունը, որի մասով դատարանը պետք է որոշում կայացնի։

Նիստը հետաձգվեց։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագում ունեցող գույք: Մասնավորապես՝  

  • Երևան քաղաքում՝ 21 անշարժ գույք, մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեք, Կոտայքի մարզում՝ մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.3 միլիարդ դրամ (որոշ գույքեր դեռևս գնահատված չեն).
  • Ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք.
  • Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել