ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային աշխատող Ա․ Հ․-ն փորձելու է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց։
Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին հունիսի 27-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, զննության են ենթարկել Ա․Հ․-ի մոտ առկա էլեկտրական շաղափիչը։
Արդյունքում` շաղափիչի միջից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման, ընդհանուր 3,15 գրամ քաշով զանգվածներով։
Ա․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։