Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնացել է սպանել ոստիկանների վրա հարձակում կատարողների հարազատներին։
Ինչպես հայտնում է «Մեդուզա»-ն՝ վերջինս իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ հունիսի 25-ին հանդիպում է ունեցել հանրապետության անվտանգության ուժերի ղեկավարների հետ։ Այնտեղ քննարկվել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
Կադիրովի գրառման մեջ ասվում է, որ նա կոչ է արել անվտանգության ուժերին կենտրոնանալ «եվրոպական երկրներից բխող արմատական գաղափարախոսությանը» հակազդելու վրա․ «Այս սատանաները նստած են Եվրոպայում և հավաքագրում են մեր երեխաներին։ Ինտերնետում շփվելով՝ նրանց դրդում են մեքենաներ այրել ու հարազատներին սպանել»։
Նաև Կադիրովը, ինչպես ասվում է իր գրառման մեջ, «յուրաքանչյուր չեչենի կոչ է արել հատկապես զգոն լինել իր ամենամոտ ազգականների նկատմամբ»։ Միևնույն ժամանակ, Kavkaz.Realii–ի հրապարակումը, որը թարգմանել է Կադիրովի ելույթը չեչեներենից, հաղորդում է, որ նա սպառնացել է սպանել իսլամիստների հարազատներին։
«Ով ոտնձգություն է անում իր եղբոր (ոստիկանի) նկատմամբ, պետք է հասկանա, որ արյան վրեժի պատճառով սպանելու ենք բոլորին՝ հորը, եղբորը, հորեղբորը… Ես դիմում եմ չեչեն ժողովրդին․ իմացեք, թե ձեր երեխաները ինչ են անում։ Վահաբիզմի ախտանիշները բոլորդ գիտեք, եթե դրանք տեսնեք, անմիջապես տեղյակ պահեք ոստիկանին: Ավելի լավ է ժամանակին կանգնեցնենք նրան, քան հետո սպանենք քեզ, քո որդուն և քո եղբորը»,- ասել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին մի քանի զինյալներ, ոչ պաշտոնական տվյալներով՝ իսլամիստների կողմնակիցներ, հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա Դերբենտում և Մախաչկալա. զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 16 ոստիկան և ՌԴ ազգային գվարդիայի անդամ։ Զինյալները սպանվել են։ Նրանց թվում է եղել Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովի որդիներից մեկը։ Ահաբեկչությունից հետո պաշտոնյան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից և ձերբակալվել։