Ինչո՞ւ փոթորիկները չեն հատում հասարակածը

Երկրի մթնոլորտը կարելի է համեմատել օվկիանոսի հետ, որտեղ ջրի փոխարեն օդ է։ Հիմնական գործոնները՝ մոլորակի պտույտը, արեգակից տաքացումը և ռելիեֆի բազմազանությունը, որոշում են օդային օվկիանոսում լայնածավալ հոսանքների ծնունդը։ Բարձր ճնշման տարածքները կոչվում են անտիցիկլոններ, ցածր ճնշման տարածքները՝ ցիկլոններ, հայտնում են Հայհիդրոմետից։

«Գոյություն ունեն երկու հիմնական տեսակի ցիկլոններ՝ արտաարևադարձային և արևադարձային։

Առաջինները ձևավորվում են բարեխառն կամ բևեռային լայնություններում։ Արևադարձային ցիկլոնները ձևավորվում են արևադարձային լայնություններում և ունեն ավելի փոքր չափսեր (հարյուրավոր, հազվադեպ ավելի քան հազար կիլոմետր տրամագծով), բայց նրանք ստեղծում են շատ ավելի մեծ ճնշման գրադիենտներ և, համապատասխանաբար, քամին հաճախ հասնում է վտանգավոր արագությունների:

Ատլանտյան, Կարիբյան կամ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում ծնված արևադարձային ցիկլոնը կոչվում է փոթորիկ: Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում նրա տարատեսակը կոչվում է թայֆուն, Հնդկական օվկիանոսում՝ ցիկլոն, Ավստրալիայի ափերին՝ Վիլի Վիլի և այլն: Փոթորիկները, ցիկլոնները և թայֆունները պարբերաբար աղետներ են առաջացնում իրենց շարժման ճանապարհին:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ նրանք հազվադեպ են մոտենում հասարակածին, և առավել տարօրինակն այն է, որ նրանք երբեք չեն հատում այն: Ինչու է դա տեղի ունենում: Հասկանալը պարզեցնելու համար մենք այս բոլոր արևադարձային փոթորիկները կկոչենք փոթորիկներ:

Փոթորիկներն ի հայտ են գալիս օվկիանոսի տաքացած ջրերի վրա հյուսիսային լայնության 5°-20° և հարավային լայնության 5°-20° միջև։ Հաստատվել է, որ ջրի ջերմաստիճանը պետք է 26°-ից ցածր չլինի, իսկ տաքացման խորությունը՝ մոտավորապես 50 մ (ըստ վերջին տվյալների՝ մինչև 300 մ): Օդից ավելի տաք օվկիանոսային ջուրը, սկսում է գոլորշանալ: Տաքացած գոլորշու զանգվածները բարձրանում են դեպի վեր՝ շարժման մեջ դնելով նաև շրջակա օդը: Որոշակի բարձրության վրա տաքացած գոլորշին հասնում է ցողի կետին և խտանում։ Այս դեպքում անջատվող ջերմային էներգիան տաքացնում է օդը՝ ստիպելով այն բարձրանալ դեպի վեր և այդպիսով սնելով նոր ծնվող մթնոլորտային գոյացությանը։ Ցիկլոնի շարժման պտտող բաղադրիչը այն պտտում է հյուսիսային կիսագնդում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, իսկ հարավային կիսագնդում ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Պտույտը դրսից օդի մեծ զանգվածներ է ներքաշում հոսանքի մեջ: Արդյունքում, արևադարձային ցիկլոնի ուրվագիծը ստանում է հսկա ձագարի տեսք՝ պարանոցով դեպի ներքև։ Ձագարի ներսում ձևավորվում է պարզ, հանգիստ եղանակի գոտի՝ ցածր մթնոլորտային ճնշմամբ՝ շրջապատված ամպրոպային ամպերով։ Սա փոթորկի աչքն է, նրա տրամագիծը 30–60 կմ է։

Փոթորիկների էներգիան և մասշտաբները ապշեցնում են երևակայությունը, բայց նրանք ևս պետք է հետևեն ֆիզիկայի օրենքներին: Կորիոլիսի էֆեկտի շնորհիվ փոթորիկները պտտվում են որոշակի կերպով։ Այս օրենքի համաձայն՝ բոլոր շարժվող առարկաները շարժման ուղղությունից շեղվում են աջ։ Քանի որ Երկիրը պտտվում է, ապա քամին, որն ի սկզբանե փչում է բարձր ճնշման մարզից դեպի ցածր ճնշման մարզ, այսինքն՝ արևադարձայինից դեպի հյուսիսային լայնություններ, Կորիոլիս ուժի ազդեցության տակ շեղվում է դեպի աջ. ստացվում է օդային հոսանք՝ ուղղված արևմուտքից արևելք (իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը)։ Հասարակածում Կորիոլիս ուժը զրոյական է, ուստի փոթորիկներն այստեղ չեն ծնվում: Ավելին, նրանք չեն կարող անցնել այս գիծը, քանի որ դա գործնականում կնշանակի, որ նրանք պետք է փոխեն ուղղությունը և պտտվեն այլ ուղղությամբ։

Նշենք, որ Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի Սկրիպսի օվկիանոսագիտության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արևադարձային ցիկլոնները ուժեղացնում են գլոբալ տաքացումը»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել