Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Յուլիա Սուդորենկոն դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հայտնելով, որ քաղաքային բժշկական հաստատություններից մեկում բուժում ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև պատշաճ բուժօգնության և խնամքի կարիք, տեղեկանում ենք ՄԻՊ-ից։
Հանձնակատարը տեղեկացրել է, որ վերջինս բնակվում է միայնակ, չունի հարազատներ, որոնք կարող են ստանձնել նրա խնամքը: Հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել նաև քաղաքացուն Հայաստան տեղափոխմանն աջակցելու հարցում:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հանձնակատարի ներկայացուցչի հետ՝ գործընթացը կազմակերպելու մանրամասները քննարկելու նպատակով: Ավելի ուշ, Հանձնակատարի ջանքերով, քաղաքացին՝ բժշկի ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով քաղաքացին տեղափոխվել է մասնագիտացված բժշկական հաստատություն, անցել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և ստացել համապատասխան բուժօգնություն: