«Այսօրվա դատավարություններից սա ամենահնչեղն է»․ Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան

Այսօր՝ հունիսի 24-ին, Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանի որոշմամբ նիստն անց է կացվել դռնփակության պայմաններում։

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում որոշման վերաբերյալ ասաց հետևյալը․

«Շատ վատ նախադեպ էր, ես մտածում եմ՝ սա նախապես ծրագրված էր, թե միգուցե առանձին իրավաբանների մոտեցումն էր այս հարցի շուրջ։ Այս տեսախցիկները հաշվի առնելով ուզում եմ նշել, որ պետք է պարտադիր վերանայվի սա։ Սա խայտառակություն կարող է դիտվել, արդեն 8 ամսից ավել դատական նիստերն ընթանում են, 8 ամսից ավել մարդիկ հետևում են, բայց բուն դատական նիստերը նոր են սկսում, հիմնական դատալսումները, ըստ էության, այսօր են սկսել։

Մարդիկ վկաներին լսելով կարող են իրենց դատողությունն ու եզրահանգումն անել՝ ի վերջո ով էր ճիշը։ Արմեն Աշոտյանը, լինելով ընդդիմադիր քաղաքական կուսակցության փոխնախագահ, արդեն 1 տարուց ավել է՝ անազատության մեջ է․ ի վերջո ճի՞շտ է Դատախազությունը, թե՞ չէ»։

Այսօրվա դատավարություններից սա, ըստ Մելիքյանի, ամենահնչեղն է, և հասարակությունը հետաքրքված է այս դատական գործով․ ոչ միայն մեր հասարակությունը, այլև միջազգային հանրությունը։

«Շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ վկաների լսենք։ Մենք չգիտենք՝ այդ հարցաքննությունը մեկ նիստով կավարտվի, թե մեկ նիստ ևս կլինի, բայց այդ հարցաքննությունը լսելուց հետո մենք ունենալ ենք բոլորովին նոր փաստարկ, որը չենք ունեցել առաջ։ Խնդիրը վերաբերում է  կոնկրետ վկայի, և  վկան հարցաքննված է»,-ասաց Մելիքյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել