ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դիմելու է նախագահին, ՄԻՊ-ին և պատգամավորներին՝ ՍԴ դիմում ներկայացնելու համար

Հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի նիստ:

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման փաստը, Պալատի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Նախագիծն իր խնդրահարույց դրույթներով առաջին իսկ օրերից անընդունելի էր փաստաբանական համայնքի համար.

«Այդ առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատը գրավոր դիտողություններ էր ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ֆինանասների նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Ի դեպ, Նախագիծը խնդրահարույց էին համարել և դիտողություններ ներկայացրել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը (մարդու իրավունքների վրա հնարավոր բացասական ազդեցության և ռիսկերը չգնահատելու մասով), այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարությունը (նոտարական ծառայությունների իրականացման մասով՝ նույն հարկային քաղաքականության որդեգրման տեսանկյունից):

Ավելին, ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել և հանդիպում-քննարկումներ է ունեցել Ազգային ժողովի պետաիրավական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների մասնակից պատգամավորների հետ, որի նիստերին մասնակցել է նաև Նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ուր հանգամանորեն ներկայացվել են Նախագծի վիճահարույց ասպեկտները:

Նախագծի ընդունման դեպքում բացասական հետևանքների մասին ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրաձայնել է տարբեր լրատվականներով, իրականացրել նաև մամուլի ասուլիսներ:

Հիշեցնենք, որ Օրենքի կենսագործման արդյունքում առնվազն.

  Շեշտակի բարձրանալու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիության մատչելիությունը.

– Հանրային պաշտպանի գրասենյակի տիրույթից դուրս բացառվելու է անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

– Էականորեն նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը.

–  Անհամեմատ ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչը ծանրաբեռնելու է առանց այն էլ գերծանրաբեռնված հանրային պաշտպանների աշխատանքը՝ հանգեցնելով մատուցվող ծառայության որակի անկման:

Ի թիվս բազմիցս մատնանշված վիճահարույց դրույթների, անշուշտ, առկա է նաև ՀՀ Աահմանադրությանը համապատասխանության հարց, քանի որ խոսքը առաջին հերթին վերաբերում է յուրաքանչյուրի՝ միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որակյալ իրավաբանական օգնություն ստանալու  իրավունքի ոտնահարմանը, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խաթարմանը, տարբերվող և խտրական վերաբերմունքի դրսևորմանը, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության բացակայությանը:

Այս առումով, Պալատի խորհուրդը հանգամանորեն ներկայացրել է հիմնավորումներ, որոնք ներկայացված են հաղորդագրությանը կից:

Ամփոփելով փաստերը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները,

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է․

Դիմել ՀՀ Նախագահին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային Ժողովի պատգամավորներին՝

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար»,-ասված է Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել