Կառավարության հունիսի 14-ի հերթական նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին հարցն է։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ կարգի հաստատման դեպքում վաղվանից հնարավորություն կստանան ընդունել դիմումները։
«Ընդ որում դիմումներն ընդունվելու են բացառապես առցանց եղանակով, այսինքն մեր հայրենակիցները հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես այցելել տարածքային բաժիններ, այն կլինի բացառապես առցանց հարթակում և կկարողանան դիմումները կցել, դրանք կմշակվեն ըստ ծրագրի պայմանների, այնուհետև կլրացվի հավաստագիրը։ Այն նույնպես լինելու է էլեկտրոնային եղանակով, կուղարկվի իրենց էլեկտրոնային փոստի հասցեներով, հավաստագրի վրա լինելու է QR կոդ, որով նրանք կմոտենան իրենց նախընտրելի բանկը, պետության հետ համագործակցող և արդեն կսկսեն պրոցեսը։ Մինչ այդ բնականաբար պետք է ընտրեն այն տունը կամ բնակարանը, որը կհամապատասխանի մեր ծրագրի աջակցության չափին և պայմաններին ըստ այդմ, բանկը կսկսի գործընթացը և ծրագրի հիմնակա դրույթները կմտնեն իրենց բնականոն ընթացքի մեջ։
Տեղեկացնեմ, որ վաղվանից կընդունվեն դիմումները այն դեպքերում, որ շահառուները ցանկանում են գնել բնակարան կամ բնակելի տուն, հուլիսի 15-ից կբացվի բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը և օգոստոսի մեկից արդեն այն ընտանիքների համար մենք կարող ենք դիմումներ ընդունել, ովքեր ունեն արդեն գործող հիփոթեք և աջակցություն տրամադրելու համար կարող ենք դիմումներն ընդունել օգոստոսի մեկից»,-նշեց նա։
Առաջին փուլով աջակցություն են ստանալու երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածների ընտանիքները նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները։ Տուն կառուցելու համար առաջին փուլով կարող են դիմել նաև 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
«Սրանով հարգելի գործընկերներ, մենք արձանագրում ենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մեկնարկում է, մտնում է գործնական փուլ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց այն փաստը, որ ծրագրից օգտվելու համար պարտադիր է լինել ՀՀ քաղաքցի։ Վարչապետը շեշտեց, որ շատ են քննարկել հարցը, բայց սա է ճիշտ ճանապարհը։
«Ուզում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը լինելու է և աջակցելու է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին իրենց սոցիալական խնդիրները հասցեագրելու հարցում, բայց նաև ուզում եմ ընդգծել կառավարության քաղաքական կամքը, որ մենք թույլ չենք տալու, որ ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ-ի ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար։ Ես էլի եմ ասում՝ մենք շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն չպետք է ընկալի»,-նշեց վարչապետը։
Նախագիծը դրվեց քվերակության և որոշումն ընդունվեց։