Հունիսի 8-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Դադիվանքի վանահայր Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարևս նամակը կարդացողներին և լսողներին» գրքի շնորհանդեսը և գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջնադիտումը։
Գիրքը և ֆիլմը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված, եռակի շքանշանակիր, հրամանատար, կապիտան մեղրաձորցի Աբգար Սահակյանի (1912-1945 թթ.) հիշատակին։
Հայր Դերենիկն իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի «Լավ է մեռնել ապրելու համար, քանի ապրել մեռնելու համար» խոսքերով։
«Սա մարդկության գաղափարաբանության հիմքն է, այն իմաստով, որ այլևս կյանքը զուտ ապրել-մեռնելու մեջ է, այլ կյանքը ապրեցնելու մեջ է։ Ցավ ի սիրտ, մարդկությունը դրախտի դռան մոտից սկսեց կռիվը։ Սա անցյալի պատմություն չէ, սա պատմություն է ապագայի մասին, այն ժողովուրդը, որ մոռանում է իր անցյալ կերտողներին, չի կարող կառուցել ապագան։ Թերևս ամենաողբերգականը մարդու կյանքում հիշողության կորուստն է կամ հիշողությունները չհիշելը։ Ազգերի գարշապարը հենց այս կետում է լինում․ հիշողության կորուստ, մոռացություն և դու այլևս կորցնում ես քո ով լինելը։ Աբգարի պատմության վերհանումը ևս մեկ անգամ առիթ է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք, հայացք գցի անցյալին, չմոռանա իր անցյալը»,-նշեց նա։
Հայր Դերենիկի խոսքով՝ գրքում զետեղված նամակներն այն նամակներն են, որոնք Աբգար Սահակյանը գրել է իր կնոջը՝ Էմմային։ Եղել են նաև նամակներ, որոնք ուղղված են եղել ծնողներին, սակայն ծնողների խնդրանքով այդ նամակները հուղարկավորվել են իրենց հետ։
«Աբգարը զոհվել է 33 տարեկանում։ Պատահական ոչինչ չի լինում, ես 33 տարեկանում եմ գտել իր պատմությունը, գիրքը նախնականում եղել է 333 էջ, 33 000 բառ, Ֆիլմը որը նկարահանվել է, եղել է 33 րոպե և ընկերներից մեկն ինձ հուշեց, որ գիրքը գրելը տևել է 3 տարի»,-ասաց Հայր Դերենիկը։
Iravaban.net-ի հետ զրույցում նա նշեց, որ օրն իր համար չափազանց սպասված է։
«Սա հայտնության օրն է, որովհետև մենք միլիոնավոր զոհեր ենք տալիս և շատ ժամանակ իրենց սխրանքն անհայտ է մնում, բայց իրենք վառ օրինակ են մեզ համար, հայրենազիրության, նվիրումի, պայքարի, անկոտրում կամքի։ Այսօր Աբգար Սահակյանի բարձրաձայնումը մի նոր հերոսի բացահայտում էր։ Մենք ապրում ենք այս կյանքում, այս հողի վրա և չենք իմանում այս հողի տակ որքան նվիրյալ հերոսներ կան թաղված»,-նշեց նա։
Մանրամասները տեսանյութում։