ՏՏ 84 կազմակերպությունները ԶՊՄԿ-ից ընդամենը 5 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել

«ՏՏ ընկերությունները Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ համեստ մասնաբաժին ունեն, 3-4 տոկոսը։ Այնպես չէ, որ ՀՀ տնտեսությունը կախված է ոլորտի նշված ցուցանիշներից»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

Ի հակադրումն դրան, չնայած հանքարդյունաբերության ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ փոքր է և այն կարող է կազմել 2-3 տոկոս, սակայն նրա արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտները տնտեսության համար մշտապես էական նշանակություն ունեցող ուղղություն է դիտարկվում։ Ոլորտը շարունակում է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևորներից մեկը մնալ։

Առաջատար դիրքերում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024-ի առաջին 3 ամիսների ցուցանիշով 3-րդ հորիզոնականում է, սակայն 2023-ի առաջին եռամսյակի հետ համեմատած պետական բյուջե ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 140 միլիոն դրամով։

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՏՏ ընկերությունները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 84 հորիզոնական են զբաղեցրել (2023-ի նույն ժամանակահատվածում՝ 76)։ Այդ 84 կազմակերպությունները միասին վճարել են շուրջ 20,8 միլիարդ դրամ հարկ։ 

Համեմատության համար պետք է նշենք, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նույն ժամանակահատվածում վճարել է շուրջ 15,6 միլիարդ դրամ հարկ։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների որորտին տրված մի շարք արտոնություններին, ոլորտում կորուստներ են արձանագրվել։ Մի կողմից արձանագրվել է ռուսական ընկերությունների ներգրավվում, աճ, սակայն այդ ֆոնին մեծ թվով տեղական ընկերություններ են դադարեցրել իրենց գործունեությունը։ Դա պայմանվորված է դոլարի արժեզրկմամբ։ 

Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ տեղական ՏՏ ընկերությունները պայմանագրերը հիմնaկանում կնքել են դոլարով, սակայն աշխատավարձեր են վճարել դրամով․ «Իրավիճակը բավականին մտահոգիչ է։ Բացի այդ, 2022-ին Կառավարությունը որոշում կայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների աջակցության ուղղությամբ։ 

Գործադիրը 10 միլիարդ հատկացրեց այն ընկերությունների, ովքեր աշխատողների չէին կրճատել, աշխատավարձային ֆոնդ էին պահպանել և այսպես շարունակ։ Ցավոք, այդ սուբսիդիաներից օգտվեցին նաև այնպիսի կազմակերպություններ, ովքեր դադարեցրել էին իրենց գործունեությունը»։

Նշենք՝ ի տարբերություն ՏՏ-ի, հանքարդյունաբերության ոլորտին հարկային որևէ արտոնություն, սուբսիդիա չի տրամադրվում։

Տնտեսագետը ընդգծել է՝ հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից կարող է նշանակություն ունենալ Ամուլսարի շահագործումը։ Ըստ պետական հաշվարկների՝ այն ՀՆԱ-ն կավելացնի ևս 1 տոկոսով, իսկ պետբյուջեին վճարվող հարկերը կկազմեն 30-40 միլիարդ դրամ, շուրջ 10 միլիարդ դրամով ավել շատ, քանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված 84 կազմակերպությունները միասին վերցրած։ 

Բացի այդ, ՏՏ ոլորտի մի շարք «սխալների» վրա Կառավարությունն այժմ աչք է փակում, օրինակ՝ հավելվածների միջոցով առաքումներ իրականացնողների, ովքեր, որքան էլ զարմանալի լինի, ՏՏ ոլորտում աշխատող են համարվում։ 

Սննդի առաքման և տաքսի կանչելու առցանց ծառայությունների ոլորտում հարկերի վճարումներն ավելացել են ավելի քան մեկ երրորդով` հասնելով մոտ 920 միլիոն դրամի․ «Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում մեծ թվով առաքումներով զբաղվող օտարերկրացիներ կան, որոնք հարկային դաշտից դուրս են գտնվում։ Կգա ժամանակը և այս ոլորտն ավելի լավ կկարգավորվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել