Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Ստամբուլի վերընտրված քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին: Պատրիարքը շնորհավորել է Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Բացի այդ Մաշալյանը քաղաքապետին է ներկայացրել մի շարք խնդիրներ:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Իմամօղլուն էլ իր հերթին խնդիրների լուծման նպատակով Ստամբուլի ավագանու գլխավոր քարտուղարի օգնական Մահիր Փոլաթին հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներ կատարել և պատրաստել զեկույց: Նշվում է, որ խնդիրները հիմնականում կապված են եղել դպրոցների սեյսմակայունությանը և դրան վերաբերող աշխատանքներին:
Մաշալյանին ուղեկցել են պատրիարքական փոխանորդ Գրիգոր Տամատյանը, «Հայկական հիմնադրամների միության» (ERVAB) գլխավոր քարտուղար Լևոն Կուզիկօղլուն և Մարիամ Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը:
Իմամօղլուն շնորհակալություն է հայտնել Մաշալյանին կատարած այցի համար: