4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կայացվել է նրանց ձերբակալելու որոշում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ԴՍ-ն, Ս Բ-ի օժանդակությամբ, ՍՂ-ի և Գ Պ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս Ղ-ի ու Գ Պ-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ Ս-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ-ին ու Գ.Պ-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ 

ՍԲ-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  ՍՂ-ին և ԳՊ-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ 

ՍՂ-ն և ԳՊ-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս-ն, Ս.Ղ-ն և Գ.Պ-ն, Ս Բ-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ԴՍ-ի, ՍՂ-ի և Գ Պ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՍԲ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել