Կատարվել է առերևույթ փաստաթղթերի կեղծում, խոշոր չափերով գույքի հափշտակություն․ մեկ անձ ձերբակալվել է

2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4»  մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ Գ-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան:

Այսինքն, Մ Գ-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Մ. Գ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մ.Գ-ն ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել