Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ դիմեց ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանին։
«Մեր Կիրանց գյուղ այցելությունից հետո տևապես ոստիկանություն են կանչում մեր տղաներից ոմանց, անընդհատ կանչում են, ուզում են ճնշումներ բանեցնել։ Հասկանալ, թե ես ինչպես եմ գնացել Կիրանց։ Երևի իրենց վրա շատ մեծ ճնշում կա, համակարգում հստակ կերպով հասկացել են, որ խնդիր ունեն և հիմա փորձում են մեր տղաներին ճնշելով հասկանալ, թե ինչպես եմ գնացել։ Նախ երկու օր առաջ եմ գնացել, խորքում ինչ կարևոր է, թե ինչպես եմ գնացել, գնացել ենք, եկել ենք, եթե մեկն ասաց՝ ես եմ տարել, դրանից ի՞նչ կփոխվի, ետ են տալու ֆիլմը, ոչ։
Սկսել են տարբեր բռնաճնշումներ, տարբեր մեղադրանքներով, սկսել են գնալ մարդկանց գործի տեղեր, հարկային ստուգումների։ Հասել ենք մի տեղի, որ մարդիկ վախի մեջ են արդեն։ Սկսել են ճնշել, որպեսզի իրենց սուտը թագավորի մեր երկրում։ Ես մի առիթով ասել եմ, էլի եմ կրկնում, առաքյալի խոսքով եմ ասում՝ կալանքը և նեղությունը պատիվ է նրանց համար, ովքեր ճշմարտության հետ են ուզում ապրել։ Ոչ մի ձևով ձեր արշինով մի չափեք այս մարդկանց։
Պարոն Մկրտչյան և հարակից մարմիններ, խաղաղ մնացեք։ Երկու ձև կար Կիրանց անցնելու, սա էլ թողնում եմ ձեր որոշմանը։ Մեկը՝ ինչպես ասել եմ՝ հրեշտակի թևով, հրեշտակներն են տարել, մեկը՝ ոստիկանությունն է համագործակցել։ Հիմա դուք ընտրեք՝ ո՞րն է ձեզ համար հարմար։ Գետնի տակով չեմ գնացել, ո՛չ թունել կա, ո՛չ մետրո, եթե դուք գիտեք, բացել եք երևի էդ թունելները հակառակորդի հետ»,-ասաց նա։