«Մենք բազմիցս ենք լսում, որ մեր քաղաքացիները ժամերով հերթեր են կանգնում, մինչև հասնում են օդանավին, և հակառակը՝ օդանավից դուրս են գալիս։ Ուզում եմ հասկանամ՝ մենք ունե՞նք որևէ ռազմավարություն՝ այս հարցը լուծելու՝ թե կարճաժամկետ իմաստով թե երկարաժամկետ»,- այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Գրիգորյանը նշեց, որ օդանավակայանի, մասնավորապես՝ գործող տերմինալը արդեն չի բավարարում, որպեսզի հոսքը սպասարկի․ «Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ լավարկման տեղեր կան և, անկեղծ ասած, մեր տպավորություններով անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չի։ Պետք է նոր տերմինալ կառուցվի, դրա շուրջ կան բանակցություններ։
Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև գործող պայմանագրով հարաբերությունները շարունակելը, կարծում ենք, որ անհնարին է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են։ Նոր տերմինալի նախագիծը կա, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են»։