«Քանի որ հավակնում եք Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին, ինձ հետաքրքիր է Ձեր իրավական գնահատականը մի այսպիսի երևույթի․ եթե Ձեզ դիմեին այս հարցով, ի՞նչ վճիռ կկայացնեիք։
Մարդիկ ստանում են օրինական փաստաթուղթ հողօգտագործման վերաբերյալ, օրինական թույլտվություն տուն կառուցելու վերաբերյալ։ Կառուցում են, ապրում են, փոխանցում են իրենց ժառանգին։ Հետո գալիս են, ասում են՝ գիտե՞ք պարզվում է այդ թուղթը ձեզ սխալ ենք տվել, դուք ընդհանրապես սխալ եք այդտեղ ապրել, և մի քարտեզ ենք գտել, որի մասին ո՛չ դուք, ո՛չ ձեր հարևանները, ոչ էլ մենք չենք իմացել։ Այդ դեպքից անցած է լինում մոտ 50 տարի․ Դուք ի՞նչ վճիռ կկայացնեիք»,-այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց, որ պետք է ամենասկզբից ընդունել, որ այդ փաստաթղթի պարտադիր հատկանիշն է՝ ընդունելիությունը բոլորի համար․ «Նույն հաջողությամբ, եթե վերցնենք մի շրջան, որտեղ այդ շրջանը ասում է՝ սա իմ հողն է, ես այստեղ տուն եմ կառուցում, այդ շրջանի մեջ առանձին մի թաղ կարող է իր համար ինչ-որ բան որոշել՝ առանց համաձայնության մյուս թաղի։ Այսքանը ասելով ես կսահմանափակվեմ։ Ես, իհարկե, գիտակցում եմ՝ ինչի մասին է Ձեր հարցը այն առումով, որ այդ հարցերը գտնվում են այլ մարմինների, մասնավորապես՝ վարչապետի և Արտաքին գործերի նախարարության նախարարի իրավազորության տիրույթում»։
Մանրամասները՝ տեսանյութում։