ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այսօրվա հանրահավաքի ժամանակ ամփոփեց օրվա ընթացքում իրականացված ակցիայի արդյունքները։
«Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականցրել, ընդ որում շատ արդյունավետ և շատ ջերմ ընդունելության ենք արժանացել։ Ես խնդրում եմ մենք ծափահարենք ակցիայի բոլոր մասնակիցներին, որոնք ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է, իր նպատակներին հասնելու համար պատրաստ է սեփական անձը վտանգների ենթարկելու»,-նշեց նա։
Դանիելյանը հայտնեց, որ ակցիա է իրականցվել Երևանի Մալյան փողոցում, Մյասնիկյան պողոտայում, Աբովյան փողոցում, Թբիլիսիի խճուղում, Հանրապետության փողոցում, Կոմիտաս-Գյուլբեկյան հատվածում, Տերյան, Բուզանդի, Վարդանանց, Սարկավագի, Թումանյան, Խանջյան, Տիգրան-Պողոսյան փողոցներում, Մոսկովյան փողոցում, Մաշտոց-Պուշկին հատվածներում և այլ փողոցներում։
Փակ է եղել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշեն հատվածը, Երևան-Սևան մայրուղին, Հայաստան-Իրան մայրուղին, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Վայքի հատվածը, Գայի պողոտան, Արշակունյաց պողոտան, Չեխովի, Խորենացի փողոցները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր, 171 քաղաքացի բերման է ենթարկվել։
Բերման ենթարկվածներից բոլորն ազատված են։