ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց:
1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր դիրքերի ամրապնդմանը:
2. Որքանո՞վ է նպաստել ազգային համերաշխությանն ու միասնականությանը, ատելության նվազմանը (որքան հիշում եմ, ի սկզբանե հայտարարվում էր, որ սա միասնականության և համերաշխության շարժում է):
3. Որքանո՞վ է նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությանն ու նրա նկատմամբ վստահությանը:
Հարցերը տվել եմ առանց հեգնանքի՝ կոնկրետ ու անկեղծ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Հուսով եմ՝ շարժման համակիրները, ականջալուր լինելով շարժման առաջնորդի կոչին, պատասխանների մեջ կլինեն անկեղծ, կոռեկտության սահմաններից դուրս չեն գա և իրենց կպահեն քրիստոնյային ու պարկեշտ հայ մարդուն հարիր ձևով»։