Հողամասերի մասնավորեցման ընդհանուր պայմանները

Հողամասերի մասնավորեցումը պետության և համայնքների սեփականության ներքո գտնվող հողերից սեփականության իրավունքով հողամասերի տրամադրումն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց:

Պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող և քաղաքացիների ու իրավաբանական անձանց մոտ օգտագործման (մինչև դրա ժամկետի լրանալը) իրավունքով գտնվող հողամասերը չեն կարող օտարվել այլ անձի, եթե սահմանված կարգով չի լուծվել պայմանագիրը:

Հողամասը կարող է մասնավորեցվել դրա վրա գտնվող շենքի, շինության սեփականատիրոջը (սեփականատերերին):

Եթե շենքում, շինությունում (ներառյալ` ներկառույց-կցակառույց շենքերում, շինություններում) պահպանվում է պետական կամ համայնքային սեփականության բաժնեմասը, ապա հողամասը ենթակա չէ մասնավորեցման, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

Հողամասի սահմանները սեփականատիրոջ կամ օգտագործողի ցանկությամբ և նրանց միջոցների հաշվին կարող են տեղանքում սահմանված կարգով սահմանազատվել սահմանանիշերով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, տնամերձ և այգեգործական հողերի, որոնց սահմանների ամրացման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը:

Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած օբյեկտներով զբաղեցված, տարածքային սահմաններով նիշավորված հողամասը կարող է վաճառվել կամ ընդհանուր սեփականության իրավունքով հանձնվել սեփականության` հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության ռեժիմին ենթարկվելու մասին բոլոր դիմում ներկայացնողների պարտավորությունները պայմանագրում ներառելու պայմանով, եթե նրանք համաձայնության են եկել հողամասի նկատմամբ իրավունքում իրենց բաժինների մասին և համաձայնագիրը ձևակերպել են պայմանագրով:

Մասնավորեցվող հողամասի տարածքները պետք է այնպես ճշգրտվեն, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետության սահմանային գետերի ու ջրավազանների առափնյա շերտի լայնությունը, որը ենթակա չէ մասնավորեցման, որոշվում է «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով:

Պետության և համայնքների բյուջետային և պետական հիմնարկների զբաղեցրած հողամասերի վաճառք չի թույլատրվում մինչև սահմանված կարգով դրանց լուծարումը:

Արգելվում է այն արտադրական օբյեկտների հողամասերի մասնավորեցումը, որոնք բնապահպանական և սոցիալական ծրագրերով պետք է հանվեն բնակավայրերի սահմանագծից կամ տեղափոխվեն այլ վայր:

Կառուցապատված հողամասերի փոխանցումը սեփականության իրավունքով իրականացվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` նախատեսվող նպատակային նշանակության հաշվառմամբ:

Հողամասի ընթացիկ օգտագործումը սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսվածին չհամապատասխանելու դեպքում մասնավորեցում չի կատարվում:

Մինչև համապատասխան որոշման ուժի մեջ մտնելը մասնավորեցման ենթակա չեն այն վիճելի հողամասերը, որոնց նկատմամբ իրականացվում է դատական վարույթ:

Արգելքը վերաբերում է նաև հողամասի վրա գտնվող շենքերի, շինությունների պատկանելության մասին դատական վեճերի դեպքերին:

Հողամասի մասնավորեցման համար քաղաքացին կամ իրավաբանական անձը պարտավոր է ներկայացնել`
1) հողամասի վրա գտնվող շենքի, շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ փաստաթուղթը, եթե հողամասը կառուցապատված է.
2) հողամասի օգտագործման իրավունքի գրանցման փաստաթղթերը.
3) սահմանված կարգով կազմված հողամասի հատակագիծը.
4) հողամասի վրա գտնվող շենքի, շինության բոլոր սեփականատերերի դիմումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել