Քրեական գործի նյութերին ծանոթացնելու վերաբերյալ քննիչը կազմում է արձանագրություն, որում նշում է ծանոթացնելու ժամկետը և տեղը, իր պաշտոնը, գործին ծանոթացող անձանց մասին և պաշտպանի, ինչպես նաև տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչների լիազորությունները վկայակոչող փաստաթղթերի մասին տեղեկություններ:
Դատավարության յուրաքանչյուր մասնակցի գործին ծանոթացնելու մասին կազմվում է առանձին արձանագրություն: Եթե պաշտպանը գործին ծանոթացել է իր պաշտպանյալի հետ միասին կամ ներկայացուցիչը գործի հետ ծանոթացել է ներկայացվող տուժողի, քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի հետ միասին, ապա գործի հետ պաշտպանի և պաշտպանյալի, ինչպես նաև ներկայացուցչի և ներկայացվողի ծանոթանալու մասին կարող է կազմվել մեկ արձանագրություն:
Արձանագրության մեջ նշվում են ծանոթացման համար ներկայացված գործի հատորների և յուրաքանչյուր հատորում առկա էջերի թիվը, ինչպես նաև ներկայացված իրեղեն ապացույցները և քննչական գործողությունների արձանագրություններին կցված հավելվածները:
Արձանագրության մեջ նշվում են գործի հետ ծանոթանալու յուրաքանչյուր օրը, սկսելու և ավարտելու ժամանակը:
Արձանագրության մեջ մտցվում են քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հարուցված բանավոր միջնորդությունները: Գրավոր միջնորդությունները կցվում են արձանագրությանը, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ: