Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։

«Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 է մուծելու, 2500 կմուծի, բայց ավելի լավ կլինի, որ խախտում չանի»,-մեջբերումներ վարորդների խոսքից:

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 75580 քաղաքացի 165 756 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 699 324 478 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 86 197 կատարողական վարույթով բռնագանձվել է շուրջ 375 միլիոն դրամ:

«Իմացել եմ, որ կարող եմ հարկադիր կատարման տուգանքը վճարել 50 տոկոս զեղչով ու եկել եմ, որպեսզի կատարեմ այդ վճարումները»,-ասում է տուգանքը վճարելու եկած վարորդը։

Հարգելի՛ քաղաքացիներ, մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։

Հիշեցնենք, որ բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից կարող եք օգտվել մինչև հուլիսի 5-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել