Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին:

Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վարչապետը նշանակալի է համարել փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու օլիմպիական մարզաձևի Աշխարհի առաջնություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը մեր երկրում, ինչն առաջին հերթին նպաստում է սպորտի զարգացմանն ու խթանմանը:

Մուհամմեդ Ջալուդը նշել է, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Նա նշել է ծանրամարտում Հայաստանի մարզիկների բարձր հաջողություններն ու ավելացրել՝ Աշխարհի 2027 թ. առաջնությունը կարևորվում է նաև նրանով, որ այն լինելու է վարկանիշային Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել