Այսօր՝ մայիսի 7-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ժամանակ անդրադարձ կատարվեց նաև այն խնդրին, որ Կիրանցում կան քաղաքացիներ, որոնք ունեն սեփականության վկայական, ինչպես նաև բնակավայրում կառուցվող դպրոցին, Ոսկեպարի եկեղեցուն, ընդդիմախոսները նշել են, որ հենց այս տարածքներում հնարավոր էր սահմանազատումն այլ ձևով իրականացնել։
Հարցին, թե ինչու իշխանությունները չեն ընդառաջում կիրանցիներին, ոսկեպարցիներին այս խնդրում, վարչապետը պատասխանեց՝ իրենք ասել են՝ Ոսկեպարի եկեղեցու հատվածով, ինչքան էլ էմոցիոնալ հարց է, գնալու են դե յուրե արձանագրված ճանապարհով․ «Սահմանազատումը կլինի, բոլորդ կգնաք, և հույս ունեմ՝ Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք և կտեսնեք՝ այդ սահմանազատումը Ոսկեպարի եկեղեցուն ինչ տվեց, ինչ չտվեց։ Սահմանի այդ հատվածը հիմա սահմանազատված է, գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում»։
Կիրանցի բնակիչների վերաբերյալ հայտնեց, որ իրենք ասել են՝ 12 կետերից 8-ի դեպքում կամ նույնիսկ 9-ի դեպքում սահմանազատում իրականացվել է, բայց կա երեք կետ, որի հետ կապված ավելի մանրամասն աշխատանք պետք է տեղի ունենա։ Այդ կետերի մասին, ըստ վարչապետի, բոլոր կիրանցիները տեղյակ են, սանտիմետրի ճշգրտությամբ աշխատանք պետք է կատարվի և պետք է հաշվի առնվի քաղաքացիների շահերը։
«Այսօր, օրինակ, Մովսեսի դպրոցն էլ է ուղիղ նշանառության տակ, Այգեպարի, Բերքաբերի դպրոցներն էլ, հենց սահամանազատումից առաջ Կիրանցի դպրոցն էլ է ուղիղ նշանառության տակ եղել։ Եթե ինձ հարցնեք՝ Մովսեսի դպրոցը ո՞նց հանենք նշանառության տակից, պատասխանս կլինի՝ սահամանազատում անենք այդ հատվածում, որովհետև սահմանազատումը դպրոցը նշանառության տակից հանելու ամենաուղիղ, ամենացիվիլ, ամենաիրավական տարբերակն է, որովհետև մենք միջազգային իրավունքի պատ ենք կառուցում Կիրանից դպրոցի առաջ, և ընդհանրապես Կիրանցի համար»,-նշեց Փաշինյանը։